Politik.am-ը Գերագույն խորհրդի (1990-1995) պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի կարծիքն է հարցրել ներկայում Հայաստանում տարվող ներքին քաղաքականության ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած՝ համակարգային կոռուպցիայի վերացման մասին: Մեր հարցին՝ իսկապե՞ս համակարգային կոռուպցիան վերացել է, և բոլոր կոռուպցիոներները համապատասխան պատիժ են կրել, Ալբերտ Բաղդասարյանը պատասխանում է երկու կերպ.
«Առաջինը՝ որպես «նիկոլազոմբի». նրանք ասում են՝ ի՞նչ է, ուզում եք՝ 30 տարվա թալանածն ու այլանդակությունները խեղճ տղան 1,5 տարում ուղղե՞ր. համբերեք, կամաց-կամաց ամեն ինչ կընկնի իր տեղը: Տարին 1, 2, 3, 4 հոգի կձերբակալվեն, 30 տարում կձերբակալվեն բոլորը:
Որպես Ալբերտ Բաղդասարյան՝ կասեմ, որ ոչ միայն ոգևորված չեմ, այլև հակապետական եմ դիտարկում Նիկոլ Փաշինյանի սոցիալիստական, հավասարություն քարոզող մոտեցումը, որը հաշվի չի առնում կառավարման համակարգի տրամաբանությունը: Նա վերջերս հայտարարեց, որ գաղտնի փաստաթուղթ է հայտնաբերել, որտեղ գրված է, որ մեր պետության կառավարումը հենված է կոռուպցիայի վրա և առանց կոռուպցիայի այս երկիրը կքանդվի, կառավարման համակարգը կպարալիզացվի: Եթե դու կառավարման համակարգը պահում ես, բայց կոռուպցիան իբր արմատախիլ ես անելու, ուրեմն՝ դու պետությունը ոչնչացնելու ես»:
Բաղդասարյանի խոսքով՝ մինչև սահմանադրությունը չփոխվի, կոռուպցիան չի վերանա, քանի որ կառավարման համակարգի կերպը որոշվում է սահմանադրությամբ:
ԳԽ պատգամավորը նաև անհասկանալի է համարում՝ պետք էր այդ փաստաթու՞ղթը կարդալ՝ հասկանալու համար, որ պետության կառավարումը կառուպցիայի վրա է հիմնված. «Ես այդ մասին հայտարարել եմ 1995 թվականին սահմանադրության քննարկումների ժամանակ»:
Ալբերտ Բաղդասարյանը նշում է՝ 1-2 ձերբակալությամբ հարցը չի լուծվի, իսկ այս կառավարման համակարգում աշխատել է բնակչության մեծամասնությունը. «Տարիներ շարունակ այդ կառավարման համակարգում աշխատել են բազմաթիվ անձինք, հիմա ինչ՝ բոլոր հայերին փակե՞նք, թե՞ հասկանանք, որ համակարգն է պետք փոխել: Խնդիրն ունի որկու լուծում՝ կամ հիմարաբար հայտարարել, որ բոլոր կոռուպցիոներները կձերբակալվեն, կամ քաղաքական գնահատական տալ նախորդ շրջանին, պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր դեմ կլինեն նոր համակարգի ձևավորմանը, և, վերջապես, ստեղծել կառավարման նոր համակարգ»:



