Նիկոլ, կրկին ստում ես․ Բորիս Մուրազի
Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները շարունակում են ժողովրդին մոլորության մեջ պահել և ընդամենը նախաստորագրված փաստաթուղթը ներկայացնում են որպես վերջնական և անշրջելի իրողություն, որը Հայաստանի համար արդեն հաստատել է խաղաղություն։
Մի կողմ թողնենք այն, որ նախաստորագրված պայմանագրի գրեթե բոլոր կետերը գրվել են Ադրբեջանի թելադրանքով, և գանք զուտ նրան, թե ինչ երաշխիքներ է տալիս նախաստորագրումը։
Ի՞նչ է նախաստորագրումը
Պայմանագրի նախաստորագրումը այն փուլն է, երբ պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները ավարտվում են, և կողմերը ստորագրում են փաստաթուղթը ոչ թե որպես վերջնական պայմանագիր, այլ որպես նախնական համաձայնություն, որից պարզ է դառնում՝ նրանք հիմնականում համաձայն են տեքստի բովանդակությանը։
Արդյո՞ք այն վերջնական և անշրջելի իրողություն է
Ոչ։ Նախաստորագրված փաստաթուղթը իրավական պարտադիր ուժ չունի, եթե այն հետագայում չի վերածվում ամբողջական ստորագրված պայմանագրի։ Պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան, երբ նախաստորագրված փաստաթղթերը չեն հասել վերջնական ստորագրման՝ քաղաքական իրավիճակի, իշխանափոխության կամ կողմերի դիրքորոշումների փոփոխության պատճառով։
Նախաստորագրված, բայց թղթի վրա մնացած պայմանավորվածություններ
Քեմփ Դևիդ II բանակցություններ (2000 թ․, Իսրայել – Պաղեստին)
2000 թ․ ամռանը, ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հովանու ներքո, Իսրայելի վարչապետ Էհուդ Բարաքն ու Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթը համարյա համաձայնության էին եկել վերջնական կարգավորման շուրջ։ Թղթի վրա նախանշվել էր փաստաթուղթ, բայց կողմերը վերջնական ստորագրության չհասան՝ հիմնականում Երուսաղեմի և փախստականների հարցերի պատճառով։ Քեմփ Դևիդ II-ից 25 տարի անց էլ, հենց այս օրերին, Իսրայելի և Պաղեստինի Գազա հատվածի միջև արյունահեղ պատերազմը շարունակվում է։
• Մինսկ-2 համաձայնագիր (2015 թ․, Ուկրաինա – Ռուսաստան)
Չնայած կողմերը (Ուկրաինա, Ռուսաստան, Լուգանսկի և Դոնեցկի ներկայացուցիչներ) համաձայնել էին հիմնական կետերին, փաստացի շատ կետեր մնացին միայն «նախաստորագրված» տեսքով՝ առանց լիարժեք վերջնականացման և իրականացման։ 2022 թվականին կոնֆլիկտը նոր թափ հավաքեց և մինչ այսօր էլ շարունակվում է։ Մինսկ-2-ից հետո միլիոնավոր ուկրաինացիներ ու ռուսներ զոհվեցին։
• Բրիոնիի պայմանավորվածություններ (1991 թ․, Խորվաթիա – Սերբիա)
Եվրոպական համայնքի միջնորդությամբ Խորվաթիայի անկախության և զինադադարի մասին փաստաթուղթը նախաստորագրվեց, բայց մի քանի օր անց ռազմական գործողությունները վերսկսվեցին, և փաստաթուղթը գործնականում չկիրառվեց։
• Լիսաբոնի պայմանավորվածություն (1992 թ․, Բոսնիա և Հերցեգովինա)
Եվրոպական համայնքի միջնորդությամբ նախաստորագրվեց համաձայնագիր Բոսնիայի խաղաղության շուրջ։ Սակայն Ալիա Իզետբեգովիչը հետ կանգնեց ստորագրությունից՝ պատճառաբանելով, որ դա կհանգեցնի երկրի դե ֆակտո բաժանմանը։
• Օսլոյի II (1995 թ․, Իսրայել – Պաղեստին)
Իսրայելի և Պաղեստինի միջև օսլոյական գործընթացը նախատեսում էր հաջորդական փաստաթղթերի ստորագրություն։ Շատ կետեր նախապես համաձայնեցվել էին, բայց քաղաքական սպանությունների և վստահության կորուստի պատճառով չիրականացվեցին։
• Ժնևյան բանակցություններ Կիպրոսի վերաբերյալ (2004 թ․)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը ներկայացրել էր խաղաղության ծրագիր, որը կողմերը սկզբունքորեն ընդունել էին։ Նախաստորագրվեց համաձայնություն, բայց Կիպրոսի հունական կողմը հանրաքվեում մերժեց այն, և փաստաթուղթը չկիրառվեց։
• Փարիզի խաղաղության պայմանագիր Վիետնամի հարցով (1973 թ․, ԱՄՆ – Հյուսիսային Վիետնամ)
ԱՄՆ-ի և Հյուսիսային Վիետնամի միջև 1973-ին նախաստորագրվեց զինադադարի և խաղաղության պայմանագիր։ Սակայն Սայգոնը (Հարավային Վիետնամը) հրաժարվեց վերջնական ստորագրությունից, և միայն ամիսներ անց նոր պայմանագրով այն հաստատվեց։
• Սևրի պայմանագիր (1920 թ․, Օսմանյան կայսրություն – դաշնակիցներ)
Օսմանյան կայսրության ղեկավարները նախաստորագրել էին, բայց փաստացի երբեք չկատարեցին այն։ Մի քանի տարի անց պայմանագիրը փոխարինվեց Լոզանի պայմանագրով։ Ի դեպ, Հայաստանում այսօր էլ կան Սևրի պայմանագրի վկաներ, որոնք հղում կատարելով դրան՝ պնդում են, որ Հայաստանի տարածքը կազմում է 160 հազար քառ. կիլոմետր։
Կարծում ենք՝ այս օրինակները բավարար են, որպեսզի փաստենք․ Փաշինյանը ստում է, երբ նախաստորագրված պայմանագիրը ներկայացնում է որպես իրողություն։ Իսկ ստում են միայն այն դեպքում, երբ թաքցնելու բան ունեն։
Վաշինգտոնում վերջնական մեկ բան է ստորագրվել՝ Մինսկի խմբի լուծարման դիմումը։ Դա եղել է Ադրբեջանի խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայմաններից մեկը, բայց ոչ միակն ու վերջինը։
Բորիս Մուրազի
Politik.am-ի խմբագիր