Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են գրանցվել Համայնքային ոստիկանության Արմավիրի և Արտաշատի բաժինների ծառայողների կողմից հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում:
Մասնավորապես, Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Մրգաշատ գյուղի կամրջի տակ։
Համայնքային ոստիկանները նրա նշած վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» 2 ինքնաձիգ, 8 հրացան, 3 նռնակ, տարբեր տեսակի 3 ատրճանակ, սվին-դանակ, տարբեր տրամաչափի ու տեսակի 808 փամփուշտ և այլ զինամթերք։
Արդյունավետ էր նաև Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը։ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացու նշած վայրում՝ Արաքսավան գյուղի վարչական տարածքում գտնվող արտեզյան ջրի կայանի մոտ, հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «ՌՊԿ» տեսակի գնդացիր, մեկփողանի որսորդական հրացան, «Ֆ-1» և «ՌԳԴ» տեսակի 2 նռնակ՝ պայթուցիչներով, պայթուցիկ սարք և պայթուցիչ, ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված 30 փամփուշտով, տարբեր տեսակի 58 փամփուշտ և այլ զինամթերք։
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։



