Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադ...

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ պատերազմի հետևանքով անհետ կորած անձանց որոնման գործընթացում:

Այս մասին Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը:

«Նիդեռլանդները ողջունում է այն զգալի քայլերը, որ երկու երկրներն անցյալ տարվանից ի վեր կատարել են խաղաղության գործընթացում: Ես ևս մեկ անգամ սատարում և աջակցում եմ այն քայլերին, որոնք Հայաստանն արել է այդ գործընթացն առաջ տանելու համար: Այս տարածաշրջանի խաղաղության հաստատման համար շատ կարևոր է, որ այս գործընթացը ներառված լինի և ամփոփվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ: Մենք մինչև վերջ աջակցում ենք ձեզ այս հարցում: Հայտարարում եմ նոր ֆինանսական աջակցության մասին՝ անհետ կորած անձանց վերաբերյալ գրանցված հայտերի և նրանց մարմինները գտնելու ուղղությամբ: Շատ կարևոր նախագիծ է, այո, դա կապված է նաև Ադրբեջանի հետ, միայն Հայաստանին չի վերաբերում այս նախագիծը, այլ նաև Ադրբեջանին: Հույժ կարևոր է այստեղ, որ վստահության կամուրջներ կառուցվեն, որ սա խաղաղության ընթացքի մի մասը կազմի: Սա հույժ կարևոր ծրագիր է, որտեղ Նիդեռլանդները ցանկանում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել, նաև, եթե հնարավոր լինի, այլ եղանակներով ևս»,- ասաց Բերենդսենը:

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հավելեց, որ անհետ կորած անձանց հարցը բավական զգայուն և կարևոր է, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար և այստեղ ողջունելի է նաև երրորդ երկրների մասնակցությունը: