
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ մանրամասներ է հայտնել «Դիմադրության առանցքի» (Իրանի աջակցությամբ Մերձավոր Արևելքում ստեղծված ռազմական և ռազմաքաղաքական կառույցներ՝ «Հեզբոլլահ», ՀԱՄԱՍ, հութիներ, որոնք պայքարում են հանուն Պաղեստինի անկախության-Խմբ.) մաս կազմող լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Շեյխ Հասան Նասրալլահին սպանելու որոշման մասին։
«Մենք հստակ գիտեինք նրա գտնվելու վայրը: Հարցն այլ էր. արդյոք արժե՞ր հարվածել: Որոշումը հեշտ չէր. Նասրալլահը համարվում էր «Դիմադրության առանցքի» երկրորդ ամենակարևոր առաջնորդը, այաթոլլահ Խամենեիից հետո շիաների շրջանում երկրորդ ամենահանրաճանաչ առաջնորդը: Ավելին, ես գիտակցում էի՝ Նասրալլահն էր, որ ավելի ու ավելի հաճախ սահմանում էր Թեհրանի գործողությունների ուղղությունը, և ոչ թե հակառակը: Նա ամբողջ «Դիմադրության առանցքի» կենտրոնական դեմքն էր։ Նրա հեռացումը կնշանակեր լուրջ հարված ամբողջ կառույցին», - ասել է Նեթանյահուն։
Նա նշել է, որ Իսրայելի կաբինետում քննարկումներ էին ընթանում, այդ թվում այն հարցի շուրջ, թե արդյոք արժե՞ տեղեկացնել ԱՄՆ-ին:
«Ես ասացի՝ ո՛չ, մենք ամերիկացիներին տեղյակ չենք պահի, լավագույն դեպքում նրանց կտեղեկացնենք վերջին պահին, երբ ինքնաթիռներն արդեն օդում կլինեն», - ասել է Իսրայելի վարչապետը։
Ըստ Նեթանյահուի՝ օպերացիան իրականացնելու լավագույն ժամանակը համընկել է ԱՄՆ կատարած այցի հետ.«Նյու Յորք թռչելուց առաջ ես առանձին սենյակում հավաքեցի պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին։ Մենք որոշում կայացրինք գործել։ Նյու Յորքի ճանապարհին, հենց ինքնաթիռում, վերջնականապես հաստատեցի գործողությունը։ Նյու Յորքի հյուրանոցներից մեկում հեռախոսով կաբինետի առցանց նիստ արեցինք և վերջնական հրաման տվեցի»։
ՄԱԿ-ում իր ելույթին նախապատրաստվելիս Նեթանյահուն միաժամանակ երկու այլ հեռախոսների միջոցով վերահսկում էր գործողության ընթացքը.«Երբ ես ելույթ ունեցա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում և հետո հանդիպեցի լրագրողներին, ինձ մի գրություն հանձնեցին, որի վրա գրված էր ընդամենը մեկ բառ՝ «Կատարված է»»:
«Նասրալլահի հեռանալը ծանր հարված էր «Դիմադրության առանցքին»: Նա անփոխարինելի գործիչ էր: Նրանք դեռ չեն գտել առաջնորդ, որը կարող է փոխարինել նրան: Դա նաև լրջորեն թուլացրեց Բաշար ալ Ասադին, որ մեծապես օգնություն է ստացել Նասրալլահից՝ հազարավոր մարտիկների մոբիլիզացնելու համար սիրիական պատերազմի ժամանակ», - եզրափակել է Իսրայելի վարչապետը:
Իսրայելի բանակը սեպտեմբերի 28-ին հայտարարել է, որ Բեյրութում մի շարք հարվածների հետևանքով սպանել է «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Շեյխ Հասան Նասրալլահին: