
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները քննարկումներ են անցկացնում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև «ինը ինի դիմաց» բանտարկյալների փոխանակման շուրջ, ինչպես համաձայնեցրել են նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, համապատասխան կապերը հաստատվում են համապատասխան գերատեսչությունների միջոցով», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Հնարավոր ժամկետների վերաբերյալ պարզաբանող հարցին ի պատասխան՝ Պեսկովը նշել է. «Ժամկետներ հայտնի չեն»։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ մայիսի 19-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են «9 9-ի դիմաց» բանտարկյալների նոր փոխանակմանը։
«Նշվել է երկու երկրների ձերբակալված քաղաքացիների փոխանակման մասին։ Սա կարևոր մարդասիրական գործողություն է», - նշել էր նա։
Ուշակովի խոսքով՝ վերջին ամիսներին մի քանի նմանատիպ նախաձեռնություններ են իրականացվել։
«Նախագահները նշել են, որ ներկայում մշակվում է մեկ այլ փոխանակում՝ «9 9-ի դիմաց»», - ասել էր Ուշակովը։
Reuters-ի տեղեկացմամբ՝ Վաշինգտոնն արդեն Մոսկվային է տրամադրել Ռուսաստանում բանտարկված ինը ամերիկացիների ցանկը, որոնց Վաշինգտոնը ցանկանում է վերադարձնել։
Երկու երկրների միջև նախորդ փոխանակումը տեղի է ունեցել ապրիլին Աբու Դաբիում։