Շուրջ 30 մեծ լցանավ ուղևորվում է Սաուդյան Արաբիայում Կարմիր ծովի Յանբուի նավահանգիստ, որպեսզի ապահովի նավթի մատակարարումները՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը: Այս մասին հաղորդել է The Financial Times-ը (FT):
Թերթի տվյալներով՝ յուրաքանչյուր նման լցանավ կարող է տանել ավելի քան 2 միլիոն բարել նավթ: Սաուդյան Արաբիան փնտրում է նավթի արտահանման նոր երթուղիներ: Դրա համար թագավորությունն օգտագործում է խողովակաշար, որն արևելքում գտնվող հանքավայրերը միացնում է արևմուտքում գտնվող Յանբուի նավահանգստին:
Ինչպես նշում է հրատարակությունը, Բաբ էլ Մանդեբի նեղուցով անցմանը սպառնում են Եմենի հութիների կողմից գրոհները: Նեղուցը նաև գտնվում է իրանական հրթիռների հասանելիության շառավղում: Փորձագետները նշում են, որ հութիները 2025 թվականին դադարեցրել են նավերին հասցվող հարվածները: Թերթի տվյալներով՝ Յանբու ուղևորվող լցանավերի մեծ մասը մատակարարումներ է իրականացնում դեպի Ասիա, մասնավորապես՝ Չինաստան և Հնդկաստան: Տեսականորեն լցանավերը կարող են անցնել Սուեզի ջրանցքով, բայց դա կհանգեցներ ծախսերի աճի և կավելացներ ճանապարհի ժամանակը:
Մարտի 11-ին Bloomberg գործակալությունը հաղորդել է 25 լցանավից բաղկացած խմբի մասին, որն ուղևորվում է Յանբուի նավահանգստի կողմը։
Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ֆոնին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Ալիռեզա Թանգսիրին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցով անցնել ցանկացող ցանկացած նավ պետք է թույլտվություն ստանա Իրանի իշխանություններից։



