ՆԱՏՕ-ում դատապարտել են դաշինքի անդամ երկրների...

ՆԱՏՕ-ն հանդես է եկել դաշինքի անդամ երկրների համատեղ հայտարարությամբ, որով դատապարտում է «դաշնակիցների և գործընկերների դեմ Իրանի կողմից բռնի մեթոդների կիրառումը, այդ թվում՝ սպանությունների ծրագրումը, հրդեհումները, դիվերսիաները, կիբեռհարձակումներն ու հիբրիդային այլ գործողությունները»։

Փաստաթղթում ընդգծվում է, որ դաշնակիցները համամիտ են Մեծ Բրիտանիայի եզրահանգումներին, որ անցյալ ամիս «Ֆերֆորդ» ռազմաօդային ավիաբազայում (որտեղ տեղակայված են ԱՄՆ ՌՕՈւ ռազմավարական ռմբակոծիչները) տեղի ունեցած անվտանգության խախտման միջադեպը, ամենայն հավանականությամբ, կազմակերպված է եղել հենց Իրանի կողմից։

«Մեր տարածքում գտնվող մարդկանց սպառնալու, լռեցնելու, ահաբեկելու, հետապնդելու, վնասելու կամ որևէ բան պարտադրելու Իրանի ցանկացած փորձ՝ լինի դա միջնորդավորված, թե ուղղակի, անընդունելի է,— նշված է հայտարարության մեջ։— Իրանի կամ որևէ այլ պետության հանձնարարությամբ թշնամական գործունեություն ծավալող յուրաքանչյուր ոք պետք է հստակ իմանա․ մենք ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերը նման փորձերը բացահայտելու, քննելու և կանխելու, ինչպես նաև մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար»։

Առանձին հայտարարությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ողջունել է դաշնակիցների ու գործընկերների միասնական դիրքորոշումը՝ նույնպես դատապարտելով «դաշինքի անդամ երկրների տարածքում բռնություններին ու սպառնալիքներին Իրանի առնչությունը»։

«ՆԱՏՕ-ն հետևողականորեն շարունակելու է իրականացնել դաշինքի անդամ երկրների մեկ միլիարդ բնակիչների անվտանգությունն ապահովելու իր առաքելությունը»,— ընդգծել է Ռյուտեն։