Ալիևը կրկնում է Սերժ Սարգսյանի ճանապարհը

Ադրբեջանում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաները լուրջ քաղաքական հարցեր են առաջացնում։ Տարիներ շարունակ հասարակական դժգոհությունը վերահսկողության տակ պահած Իլհամ Ալիևը կարծես սեփական ձեռքերով ստեղծել է ներքաղաքական լարվածության նոր օջախ։

Հուլիսին Ալիևի ստորագրած իրավական ակտերին հաջորդեցին սեպտեմբերի 21-ին նախարարների կաբինետի հաստատած դպրոցական հագուստի կանոնները, որոնք կիրառվում են նաև հիջաբ կրելու նկատմամբ։ Արդյունքում Ադրբեջանի տարբեր վայրերում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, կան ձերբակալվածներ։

Ուշագրավ է, որ Ղարաբաղն օկուպացնելուց հետո Ալիևի իշխանության դեմ լայնածավալ բողոքի ալիք չէր ձևավորվել։ Իսկ հիմա իշխանությունն ինքն է նախաձեռնել հասարակության կրոնական զգացմունքներին առնչվող սահմանափակումներ՝ առաջացնելով դժգոհություն։

Տպավորություն է ստեղծվում, որ աշխարհաքաղաքական որոշ գործընթացների տրամաբանության մեջ ներքին լարվածությունը կարող է ձեռնտու լինել հենց Ալիևին՝ հասարակության նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու կամ արտաքին գործընկերների հետ հարաբերություններում անկայունությունն օգտագործելու համար։

Այս իրադարձությունները հիշեցնում են 2017–2018 թվականներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացները։

Սերժ Սարգսյանը դեռևս 2014 թվականին խոստացել էր այլևս չհավակնել երկրի ղեկավարի պաշտոնին, սակայն 2018 թվականի ապրիլին առաջադրվեց և ընտրվեց վարչապետ՝ առաջացնելով հանրային դժգոհության նոր ալիք։

Դրան նախորդել էր ևս մեկ ուշագրավ որոշում։ 2018 թվականի մարտի 29-ին կառավարությունը Կոնդի պետական առանձնատներից մեկը սեփականության իրավունքով անհատույց տրամադրեց Սարգսյանին։ Թեև ապրիլի 19-ին նա հայտարարեց առանձնատան սեփականության իրավունքից հրաժարվելու մասին, այդ որոշումն արդեն հանրային դժգոհության լրացուցիչ առիթ էր դարձել։

Հետադարձ հայացքով տպավորություն է ստեղծվում, որ Սարգսյանն իր կառավարման վերջին ամիսներին կարծես ամեն ինչ անում էր հանրային ընդվզումը խորացնելու համար։

Այսօր Ալիևի գործողություններում նկատվում է նույն քաղաքական տրամաբանությունը։ Երկարամյա ղեկավարը նախաձեռնում է որոշումներ, որոնք կարող են վտանգել սեփական իշխանության կայունությունը։

Սերժ Սարգսյանի դեպքում այս գործընթացն ավարտվեց իշխանության փոխանցմամբ։ Ալիևի պարագայում առայժմ կարող ենք միայն վարկածներ առաջ քաշել։

Արդյո՞ք Ալիևը կրկնում է Սերժ Սարգսյանի ճանապարհը, և Ադրբեջանում նույնպես նախապատրաստվում է իշխանության փոխանցման գործընթաց՝ 2018 թվականի հայկական սցենարի նմանությամբ։ Այս հարցի պատասխանը ցույց կտան առաջիկա զարգացումները։