ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կողմից Անի Ավետիսյանի վրա հարձակման դեպքին՝ ուշադրություն հրավիրելով ոստիկանության գործողությունների վրա։
Աբրահամյանի խոսքով՝ տուժած կնոջ հայտարարությունը բացահայտում է իրավապահ համակարգի աշխատանքի հերթական ձախողումը։
Նա նշել է, որ Անի Ավետիսյանը, երեխաներից տեղեկանալով տանը զինված անձի ներկայության մասին, անմիջապես զանգահարել է ոստիկանություն։ Սակայն, չնայած կնոջ աշխատավայրը տնից ավելի հեռու է եղել, քան ոստիկանության բաժինը, նա ավելի շուտ է հասել դեպքի վայր։
«Ավելին, ոստիկանությունը տեղ է հասել, երբ ամեն ինչ ավարտված է եղել, իսկ հանցագործը՝ հեռացած։ Սա ՆԳՆ աշխատանքի իրական բնութագիրն է, համակարգի խափանման դրսևորումը, հատկապես, երբ դրանից առաջ արդեն իսկ ուժային համակարգը տիրապետել է ադրբեջանցու սահմանահատման մասին տեղեկատվությանը»,– գրել է նախկին պատգամավորը։
Աբրահամյանի գնահատմամբ՝ իշխանությունների փորձերը՝ մեղմելու միջադեպի շուրջ հանրային արձագանքը, չեն կարող վերացնել արձանագրված ձախողումները։
«Որքան էլ իշխանությունը փորձի այս միջադեպի ձայնը խլացնել, թեման սրբագրել, մեկ է՝ դրանից արձանագրված տապալումները չեն վերանա»,– եզրափակել է նա։



