ՆԱՏՕ-ն առկա վայրերից դուրս միջուկային մարտագլ...

ՆԱՏՕ-ն Nuclear Sharing ծրագրի շրջանակներում չի քննարկում միջուկային մարտագլխիկների տեղակայման հարցն այն երկրներից դուրս, որտեղ դրանք արդեն տեղակայված են: Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին RMF FM ռադիոկայանի եթերում։

«Այսօրվա դրությամբ (խմբ.՝ ՆԱՏՕ-ի) օրակարգում չկա միջուկային մարտագլխիկների տեղակայման թեման այն վայրերի սահմաններից դուրս, որտեղ դրանք արդեն տեղակայված են», - ասել է Զալևսկին։

Դրա հետ մեկտեղ նա պարզաբանել է, որ Վարշավան ցանկանում է մասնակցել ՆԱՏՕ-ի միջուկային զսպման հայեցակարգին. այդ հարցն օրակարգում է։

«Առաջին անգամ մեզ հաջողվել է հասնել նրան, որ ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են Լեհաստանը ներառել միջուկային զենքի տեղափոխման ծրագրում։ Սա շատ լուրջ ծրագիր է», - նշել է Զալևսկին։

Օգոստոսի 27-ին Լեհաստանի պաշտպանության փոխնախարարը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ իր երկիրը չի ցանկանում և չի պատրաստվում միջուկային զենք տեղակայել իր տարածքում։ Նա նշել էր, որ Վարշավան ցանկանում է մասնակցել ՆԱՏՕ-ի միջուկային զսպման ռազմավարությանը, բայց առանց իր տարածքում միջուկային զենք տեղակայելու։