«Կենտրոն» հեռուստաընկերությունում Աննա Հակոբյանի հյուրընկալվելու մասին տեղեկացել եմ հարցազրույցի անոնսից, այնպես, ինչպես մնացած բոլոր հեռուստադիտողները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նշենք, որ դատարանն այս պահին քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու հարցը։
«Ընդհանրապես, Գագիկ Ծառուկյանը կամ Իվետա Տոնոյանը հյուրերի ընտրության հարցում ի պաշտոնե որևէ առնչություն չեն ունեցել։
Այդ հարցազրույցի հետ կապված, եթե կան հարցեր, պետք է խնդրեմ, որ այդ հարցերն ուղղեք հեռուսատեսության տնօրինությանը։ Եթե կան հարցեր այդ հարցազրույցի հետ կապված պետք է խնդրեմ որ այդ հարցերը ուղղեք հեռուստաընկերության տնօրինությանը»,- ասաց Տոնոյանը։
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի գործով դատարանի կողմից կայացվելիք որոշմանը, Տոնոյանն ասաց. «Ես որպես անուղղելի լավատես, այնուամենայնիվ, ուզում եմ հավատալ, որ մեր երկրում արդարադատության համակարգը չի կնքել իր մահկանացուն, և ծառայելու է իր հիմնական գործառույթին, այն է՝ արդարության վերականգնմանը։ Այս երկու ամիսների ընթացքում փաստաբանների, մեր մնացած իրավական դաշտի գործընկերների հետ անընդհատ շփումներից, ինքս 100%-ով ուսումնասիրել եմ այս մտածածին քրեական գործերը, կարող եմ ասել, որ եթե երկու ամիս առաջ Գագիկ Ծառուկյանին կալանավորելիս այսպես հիմք էին մատնանշում քննությանը խոչընդոտելու այսպես երևակայական խնդիրը, ապա այս դեպքում Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ պահելը չունի որևէ տրամաբանություն, որովհետև քննությունը ընթացքի մեջ է, առերեսումները տեղի են ունեցել, վկաները հարցաքննված են և որևէ դեպքում Գագիկ Ծառուկյանը այն անձնավորությունը չէ, որ կարող է որևէ կերպ խոչընդոտել քննության ընթացքին։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքներով: Ավելի ուշ ԲՀԿ առաջնորդի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով:
Նախօրեին հայտարարություն տարածվեց, որ ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։
Կոմտեի հայտարարությունում, որի տակ ստորագրել են 58 հայտնի անձինք, ասվում է. «Մենք՝ ներքոստորագրող անձինքս, համատեղ նախաձեռնությամբ ձևավորել ենք Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։



