
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի տարածքի անվտանգությունն ապահովելու համար անդամ պետությունները պաշտպանության վրա պետք է ՀՆԱ-ի 3%-ից զգալիորեն ավելի շատ ծախսեն ներկայում պահանջվող 2%-ի փոխարեն, որին դեռ բոլոր երկրները չեն հասել։ Այս մասին Ռյուտեն ասել է լրագրողներին՝ ամփոփելով Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքները։ Նրա ելույթը հեռարձակել են ամերիկյան ԶԼՄ-ները։
«Ակնհայտ է, որ 2% ծախսելով` մենք չենք կարողանա պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքը։ Այս ցուցանիշը պետք է զգալիորեն ավելի բարձր լինի։ Ես արդեն ավելի վաղ ասել եմ, որ այն պետք է զգալիորեն ավելի բարձր լինի, քան 3%-ը», - ասել է Ռյուտեն։
Նրա խոսքով՝ նման ծախսերի նկատմամբ պահանջները հիմնված են հաշվարկների վրա։
«Մենք հստակ գիտենք, թե ինչ ցուցանիշների պետք է հասնենք, ինչ խնդիրներ կան ՆԱՏՕ-ի տարածքի անվտանգութունն ապահովելու գործում», - ասել է Ռյուտեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Եվրոպային ու Կանադային ՆԱՏՕ-ի պաշտպանունակության գործում փոքր ներդրման համար և պահանջել է, որ բոլոր անդամ պետությունները պաշտպանական ծախսերը մեծացնեն մինչև ՀՆԱ-ի 5%-ը։ Ակնկալվում է, որ պաշտպանական ծախսերի հարցում նոր պարտավորությունները կարող են ընդունվել հունիսի վերջին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։