Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին հանդիպել է ԱՄՆ դեսպան Նատալի Բեյքերի հետ՝ քննարկելու Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների երկրորդ փուլ կազմակերպելու հարցը։ Այս մասին ասվում է X-ում Պակիստանի ներքին գործերի նախարարության գրառման մեջ։
«Հանդիպման ընթացքում մանրամասն մտքեր են փոխանակվել տարածաշրջանում ստեղծված վերջին իրավիճակի վերաբերյալ։ Նաև քննարկվել են Իսլամաբադի բանակցությունների երկրորդ փուլի հրավիրման վերաբերյալ դիվանագիտական ջանքերը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նաքվին բարձր է գնահատել Իրանի հետ հրադադարը երկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի քայլը՝ ընդգծելով երկարատև լուծման հասնելու համար դիվանագիտական ուղիներով քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։
«Մենք նաև Իրանի կողմից դրական առաջընթացի հույս ունենք։
Վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆը և ֆելդմարշալ գեներալ Ասիմ Մունիրը բոլոր մակարդակներում գործադրում են բոլոր ջանքերը՝ խնդիրը լուծելու համար։
Հուսով ենք, որ երկու կողմերն էլ հնարավորություն կընձեռեն խնդրի դիվանագիտական և խաղաղ լուծման համար»,- ասել է Մոհսին Նաքվին։
Նատալի Բեյքերն իր հերթին բարձր է գնահատել Պակիստանի կառուցողական դերը տարածաշրջանում խաղաղության և հակամարտությունների կարգավորման խթանման գործում։
Պակիստանն ակտիվորեն հանդես է գալիս որպես միջնորդ Իրանի և ԱՄՆ-ի միջև։ Ապրիլի 11-12-ին մայրաքաղաք Իսլամաբադում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցություններ, սակայն կողմերին չի հաջողվել հասնել համաձայնության։



