Վերջերս Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը հեռացվել է աշխատանքից: Արդեն նախկին փոխմարզպետը երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է հեռացման պատճառներին և մի շարք բացահայտումներ արել:
Մարզպետը մի շարք համայնքապետերի մասին է խոսում. «Անձնական որևէ խնդիր չունեմ մարզպետի հետ, Վայոց ձորում իշխում են ծովահենները, ծովահենների իշխանություն է՝ ի դեմս մարզպետի, ազգային անվտանգության պետի, իրենց համայնքապետերի… քեշ փողով ընտրված համայնքի ղեկավար է Արենի խոշորացված համայնքի ղեկավարը, ով չգիտի այդ մասին, հազարավոր հեկտար հողերի անօրինական փաստաթղթերն իմ մոտ կան, թե ինչպես են մարդկանց ստիպել, որ օտարեն այդ հողերը՝ 1000 հա, 3000 հա: Գրություն եմ ուղարկում, որ անվավեր ճանաչեն, ձեն չկա, որովհետև համայնքի ղեկավարի հետ մեր մարզպետը պաչիկով բարևում է»:
Նշված հայտարարությունների վերաբերյալ Politik.am-ը զրուցել է Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ: Վերջինս նշում է՝ այդ հայտարարություններն իր համար անակնկալ են եղել.
«Ես երեկ եմ դիտել, ու մինչև հիմա շոկի մեջ եմ: Ինքս, իր հետ զրուցելուց հետո, պատրաստվում եմ դիմել դատախազություն՝ հասկանալու համար՝ ինչ է նշանակում փողով ընտրվել: Եթե ունի նման ինֆորմացիա, դատախազությունը վարույթ կընդունի, և կապացուցվի, որ դա ինձ հետ բացարձակ կապ չունի»:
Համայնքապետը հերքում է նախկին փոխմարզպետի՝ հողերի օտարման հետ կապված հայտարարությունը.«Իմ պաշտոնավարման օրոք ոչ մի թիզ հող չի օտարվել: Կարող եք ուսումնասիրել՝ որտեղ են այդ հազարավոր հեկտարները, որոնք, նախկին փոխմազպետի խոսքով, ստիպել եմ օտարել: Գուցե նմանատիպ դեպքեր եղել են նախկինում՝ բնակավայրերում, բայց դրանց հետ ես կապ չունեմ»:
Անդրադառնալով Տոնոյանի խոսքին, թե համայնքապետին «մարզպետը պաչիկով բարևում է», և դրա արդյունքում իր նշած գործողություններն անպատիժ են մնում, Հուսիկ Սահակյանն ասաց.
«Ես նույն ջերմ հարաբերություններն ունեցել եմ Ռազմիկ Տոնոյանի հետ: Ինքն է բազմիցս հայտարարել, որ ես լավ աշխատող համայնքապետ եմ: Առիթը բաց չէր թողնում՝ իմ կենացը խմելու, ինձ ուղեկցելու: Ջերմ աշխատանքային հարաբերություններ ունեցել եմ բոլոր մարզպետների հետ, որոնց պաշտոնավարման ընթացքում աշխատել եմ համայնքում: Լարված մթնոլորտում աշխատելն իմ ոճը չէ: Ես պետք է լավ աշխատանքային հարաբերություններ ունենամ թե՛ մարզային, թե՛ հանրապետական իշխանությունների հետ, որ կարողանամ համայնք պահել»:



