Նախկին լրագրող պատգամավորները արձագանքում են...

Նախկին լրագրող Արմենակ Դավթյանը, ով այս պահին կալանավորված է, բաց նամակով դիմել է իր նախկին գործընկեր լրագրող-պատգամովրներին՝ խնդրելով աջակցել փոխել կալանքի ռեժիմը: Politik.am-ը զրուցել է պատգամովոր-լրագրողներից մի քանիսի հետ՝ հասկանալու, թե պատրաստվու՞մ են քայլեր ձեռնարկել՝ նախկին գործընկերոջն աջակցելու համար:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հումանիտար, ընկերական և, թեկուզև նախկին, բայց, այնուամենայինիվ, գործընկերային հարաբերություններից ելնելով՝ շատ դրական է միտված այս խնդրանք-միջնորդությանը: «Բայց կան որոշակի ընթացակարգեր, որոնք պետք է հաշվի առնել, այդ թվում՝ ֆրակցիայի ու դատախազության հետ քննարկումներ՝ հասկանալու համար վարքի փոփոխությունը և այլն: Ամեն դեպքում, եթե հենց այսօր դրան ուղիղ արձագանք չլինի, դա չի նշանակի, որ այս հարցը քննության առարկա չէ և շատ հրատապ չի քննարկվում տարբեր միջավայրերում: Այնպես որ, կարող եմ երաշխավորել, որ Արմենակ Դավթյանի բաց նամակը ուշադրության է արժանացել և քննարկվում է»,-նշեց պատգամավորը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն իսկ նամակի վերաբերյալ զրուցել է գործընկերներից մի քանիսի հետ, ովքեր ևս իրենց պատրաստակամությունն են հայտնել քայլեր ձեռնարկել.«Այժմ Արմենակը պետք է փորձի դիմել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի ներում շնորհվի: Դիմելուց հետո կհասկանանք՝ հաջորդ քայլը որն է: Ես գործընկերներիս առաջարկեցի, որ մենք բոլոր նախկին լրագրողներով փորձենք ընդհանուր երաշխավոր դառնալ Արմենակի համար: Այս  հարցն էլ առաջիկայում կքննարկենք: Այսինքն՝ մենք արդեն ընթացք տվել ենք Արմենակի խնդրանքին, մնում է տեսնել՝ ինչով կկարողանանք օգնել: Առաջիկայում, հավանաբար, կսկսենք այդ ընդհանուր երաշխավորման հետ կապված պրոցեսը: Ամեն դեպքում, մենք օրենսդիր մարմին ենք, և կարող ենք միայն սա անել, մնացածը արդեն դատարանի գործառույթն է»:

«Արմենակի հետ ես տևական ժամանակ աշխատել եմ «Հայկական ժամանակ»-ում, հիմա չեմ ուզում քննարկել Արմենկաի մեղավորությունը, ինքը ևս նշում է, որ քննարկման առարկան դա չէ: Արմենակն ընդգծում է՝ այսօր բոլորովին այլ մարդ է, և պատրաստ է իրապես: Ես, այցելելով բազմաթիվ քրեակատարողական հիմնարկներ և պարբերաբար լինելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որտեղ է Արմենակը, տեսնում եմ, թե ինչպես է կարողանում շատ բարդ խնդիրներ հանգուցալուծել, ինչպես է կարողանում շատ դեպքերում հոգեբանի դեր կատարել սահմանային իրավիճակներում գտնվող կալանավորների համար, ինչը շատ գնահատելի է»,-այս կարծիքը հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորն ասաց, որ կնախաձեռնի նաև քննարկում գործընկերներ լրագրող-պատգամավորների հետ, որպեսզի հնարավոր լինի Արմենակ Դավթյանի կալանքի ռեժիմը փոխել:

«Ես մոտավորապես երկու ամիս առաջ  նամակ եմ գրել Նիկոլ Փաշինյանին՝ որպես «Հայկական ժամանակ»-ի նախկին գլխավոր խմբագիր ու վարչապետ, որպեսզի միասին կարողանանք օգնել Արմենակին, բայց, ցավոք սրտի, առ այս պահը որևէ պատասխան չեմ ստացել: Իմ բոլոր դիմումները, խոսակցությունները նաև Արդարադատության նախարարի հետ, կարծես թե, տեղից չեն շարժվում: Ես նորից եմ կրկնում՝ ես իրավական խնդիրը դնում եմ մի կողմ և չեմ վիճարկում, և Արմենակն ինքն էլ չի ասում, թե անմեղ է, բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու, հատկապես՝ Արմենակի նման մարդու, պետք է տալ երկրորդ շանս»,-նշեց Զոհրաբյանը: