Նախատեսվում է արձակուրդի իրավունքից չօգտվելու...

Եթե պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք չօգտվեն իրենց ամենամյա արձակուրդի իրավունքից կամ դրա մասը տեղափոխեն հաջորդ աշխատանքային տարի, ապա լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարն այնուամենայնիվ նրանց կտրամադրվի տվյալ աշխատանքային տարվա վերջում: 

Այս մասին ԱԺ–ում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը:

«Առաջարկվում է, որ միանվագ լրացուցիչ արձակուրդային վճարը մեկ օրացույցային տարում աշխատողին տրամադրվի մեկ անգամ: Երկրորդ կարգավորման համաձայն՝ եթե աշխատողն իր արձակուրդի իրավունքից չի օգտվում կամ տեղափոխում է հաջորդ տարի, ապա իր աշխատանքային տարվա վերջում այդ լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը բոլոր դեպքերում կտրամադրվի»,–ասաց Քալաշյանը: 

Նա այս առաջարկը հիմնավորեց հետևյալ կերպ՝ աշխատավարձի ֆոնդում արձակուրդային վճարներն առանձին տողով չեն վարվում բյուջետավարման ընթացքում, և, եթե միանվագ լրացուցիչ արձակուրդային վճարներն արձակուրդի իրավունքից չօգտվելու դեպքում չեն վճարվում, ապա մարմինները դա ներկայացնում են որպես վարձատրության ֆոնդի խնայված միջոց և վճարում որպես պարգևատրում: Այսինքն՝ ծախսային ուղղությունները փոխվում են և բյուջեի կանխատեսելիությունը՝ նվազում: 

«Եթե հիմնական արձակուրդային վճարը և միանվագ լրացուցիչ արձակուրդային վճարը վճարվել են ոչ արձակուրդի իրավունքին համապատասխան, ապա աշխատանքից ազատվելու դեպքում այդ տարբերությունը պետք է հետ գանձվի»,–նշեց նա:

Արձակուրդի հետ կապված կարգավորումներն ուժի մեջ կմտնեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նոր աշխատանքային տարվանից:

Նախագծով սահմանվում է, որ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին յուրաքանչյուր աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի համար հիմնական արձակուրդային վճարից (միջին աշխատավարձից) բացի, մեկ անգամ տրվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար՝ իր միջին ամսական աշխատավարձի չափով: Ընդ որում, մեկ օրացուցային տարվա ընթացքում պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է մեկ անգամ: