Նախագահի 3 տարբերակը. Էլինար Վարդանյան

Հայաստանի պատմության մեջ ստեղծված աննախադեպ դրամատիկ իրավիճակում
Նախագահը պետք է կատարի կարևոր քայլեր։ Հասկանում ենք, որ նախագահի վրա
պետական մեքենան և վարչապետը հսկայական ուղղակի և անուղղակի ճնշում են
գործադրում։ Բայց ուզում ենք հավատալ, որ նախագահի փորձառությունը և հարցի
կարևորությունը կստիպեն նախագահին՝ չտրվել քաղաքական ճնշումներին և
մանիպուլյացիաներին։
Նախագահն ունի կարճ ժամանակ և երեք տարբերակի հնարավորություն.
1. Նախագահը չի ենթարկվում ճնշումներին, գործում է իր սկզբնական որոշման
տրամաբանության շրջանակում, դիմում է Սահմանադրական Դատարան։ Այնուհետև
ստեղծված ճգնաժամի լուծման քաղաքական լուծումներ գտնելու նպատակով
կոնսուլտացիաներ է սկսում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի,
վարչապետի հրաժարականը պահանջող կառույցների և ընդդիմադիր հարթակի հետ։
Սա կլինի պետական շահով առաջնորդվող, պետական մտածելակերպ ունեցող գործչի
սոլիդ որոշում, սոլիդ գործողություն։ Անկախ ՍԴ որոշումից՝ նախագահը կանի
ազնիվ քայլ պատմության և հասարակության առջև։
2. Ստորագրում է ԶՈւ ԳՇ պետին ազատելու ակտը։ Եվ դա լինում է ամենամեծ
վատությունը, որ կարող է անել երկրին, հասարակությանը։ Դա կբերի կտրուկ
էսկալացիայի և բախումների։ Այդ դեպքում նրան ոչինչ չի մնա, քան՝ լքել
Հայաստանը, քանի որ որպես քաղաքական գործիչ կզրոյանա, վարչապետի հետ կկիսի
երկրում հնարավոր կոլապսի ողջ պատասխանատվությունը։
3. Չի ստորագրում ակտը, և ակտի սահմանադրականության հարցով չի էլ դիմում ՍԴ։
Պաշտոնանկության ակտը մտնում է իրավական ուժի մեջ, իսկ Նախագահը դիմում է
ՍԴ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի
դրույթների սահմանադրականության հարցով։ Այդ կերպ նախագահը փորձ է անում
փրկել իր քաղաքական դեմքը, բայց մեծ հաշվով, խաղում է Նիկոլ Փաշինյանի խաղը։
Հասկանալիորեն՝ ՍԴ-ում հարցի քննարկումը ժամանակատար է լինելու, և բանակը

ստանալու է երկրորդ և ծանր հարվածը։ Սա թեև, ըստ էության, տարբերվում է
երկրորդ կետից, բայց բովանդակային առումով գրեթե կրկնում է երկրորդ կետը, և
երկիրը տանում է ցնցման։ Սա կլինի ոչ այնքան ազնիվ քայլ՝ երկրի, բանակի և
հասարակության հանդեպ, և կստացվի, որ նախագահն առաջնորդվում է ավելի շատ
անձնական շահերով՝ մի կողմ թողնելով պետական շահը։

Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ