«Նաիրի ՃՇՇ»-ի աշխատակիցները 1 տարուց ավել աշխ...

Այսօր Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի վարչական տարածքում գտնվող «Նաիրի շին» բաժնետիրական ընկերության բակում են հավաքվել նշված ընկերության բալանսում գործող մի քանի ընկերությունների աշխատակիցներ, այդ թվում՝ «Ընդերքաբեր» «Նաիրի շին» ՃՇՇ-ի աշխատակիցները: 

Բակում հավաքված քաղաքացիները լրատվամիջոցին պատմել են, որ «Նաիրի» ՃՇՇ-ի տնօրեն Յագոր Խերիմյանը պարբերաբար իրենց խաբում է և չի վճարում աշխատավարձը.

«Արդեն մի քանի օր է, համոզվել ենք, որ նա հերթական անգամ փափուկ բարձ է դնում մեր գլխի տակ։ Պատճառաբանում է, որ Կապի և տրանսպորտի նախարարությունը գումարը չի փոխանցել։ Այսօր էլ մեր հեռախոսազանգերին պատասխանեց, որ ինքը գտնվում է Երևանում՝ կապի նախարարությունում, և սպասում է, որպեսզի իրեն նախարար Հակոբ Արշակյանն ընդունի, որի ժամանակ ինքը ներկայացնելու է խնդիրներն ու հետո կվերադառնա և կպատասխանի, հավանաբար, դրական»,– ասել է աշխատողներից մեկը։

Politik.am-ի հետ զրույցում «Նաիրի շին» բաժնետիրական ընկերության գործավար-օպերատորը հայտնեց, որ աշխատավարձերի չվճարման հիմնական պատճառը իրենց հետ համագործակցած ընկերությունների կողմից չփոխանցված վճարումներն են.

«Աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել մեկ տարուց ավել: Նախկինում այսպես չի եղել, քանի որ մեզ հետ համագործակցող ընկերությունները միշտ ըստ պատշաճի կատարել են փոխանցումները: Կան ընկերություններ, որոնք մեր կատարած աշխատանքի դիմաց ավելի քան 230 միլիոն դրամի վճարում չեն կատարել, որը հիմք է հանդիսացել աշխատավարձերի չկարգավորման համար: Եղել են նաև դատական պրոցեսներ, չգիտեմ` ինչ են պատասխանել, սակայն փաստն այն է, որ խնդիրը լուծված չէ: Վարչապետին էլ ենք դինել դրություն-նամակով, գործին ընթացք է տվել, բայց դեռ պատասխան չկա»:

Ապրիլ ամսվա կատարողականի գումարն էլ չի վճարվել` պատճառաբանությամբ, թե աշխատանքները թերություններով են կատարվել.

«Դա վերաբերում է տրանսպորտի նախարարությունը: Երբ որոշել են որ մեզ չեն վճարելու, գրություն ենք ուղարկել, որի հիման վրա հանձնաժողով է կազմվել: Նույն կերպ իսպանական ընկերության համար ենք աշխատանքներ կատարել, որը ինչպես պարզվեց`գոյություն չունի: 12 մլն դրամ էլ այդ վճարումը չի կատարվել, ինչից էլ տուժում է աշխատողը»: