Մենք չենք ուզում ունենալ քաղաքացի, որ հերթակա...

Politik.am-ը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժովովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ զրուցել է քաղաքական ներկա իրադրության և հնարավոր զարգացումների մասին: 

-Տիկի՛ն Զոհրաբյան, ինչպիսի՞ն եք պատկերացնում Ամուլսարի օրակարգային հարցի լուծումը: Ի՞նչ դիրքորոշում ունի «Բարգավաճ Հայաստանը»:

Ես միշտ կարծում եմ՝ արդյունավետ լուծման ճանապարհը երկխոսությունն է. աղմուկը, «քյարփինջը» վերցնել և գլխին տալը հարց չեն լուծելու: Դրանք ավելի են սրելու և քաղաքականացնելու իրավիճակը: Ավելին՝ այս պահին «Բարգավաճ Հայաստանը» հնարավորինս ձեռնպահ է մնում բնապահպանական այս խնդիրը քաղաքականացնելուց, չնայած այն օրը Ազգային Ժողովի մոտ էլ մենք տեսանք որոշ քաղաքական ուժեր, որոնք ուղղակիորեն ուզում էին մոնոպոլացնել այս շարժումը (այժմ չեմ տա այդ քաղաքական ուժի անունը, քանի որ ղեկավարների հետ խոսել և ասել եմ՝ հավաքեք ձեր երիտասարդին, այլապես պարզապես անազնիվ է այն, ինչ փորձում եք հիմա անել՝ սեփականաշնորհել մի խնդիր, որը մեզանից յուրաքանչյուրի խնդիրն է, մեզանից յուրաքանչյուրի երեխայի և մեր երկրի բնապահպանական անվտանգության խնդիրն է):

-Չե՞ք կարծում, որ այսօր Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ որոշումները կայացնում է ոչ թե իշխանությունը, այլ մեկ անձ, ինչն էլ կարող է խնդրահարույց լինել:

Լինենք անկեղծ՝ այնպես չէ, որ նախկին ժամանակներում իշխանության թիմը ամբողջապես որոշում է կայացրել: Նախկին ժամանակներում էլ որոշողը եղել է Ռոբերտ Քոչարյանը, այնուհետև՝ Սերժ Սարգսյանը, այժմ, այո, որքան էլ ասենք՝ կան որոշակի անհատներ նոր իշխանության քաղաքական թիմում, որոնք որոշ հարցերում փորձում են առանձին մոտեցում ցուցաբերել, միանշանակ հասկանալի է, որ որոշողը այսօր մի մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը, որի շնորհիվ «Իմ քայլը»-ի պատգամավորների 90%-ը հայտնվել է խորհրդարանում, դա փաստ է, և ինչքան էլ իրենք փորձեն հերքել, կա հստակ վիճակագրություն՝ նախորդ ընտրություններում, օրինակ, 10-15 ձայն ստացածը այս անգամ ստացել է 20 000 ձայն: Հասկանալի է չէ՞, որ դրանք իր ստացած ձայները չեն: Եղել են Նիկոլ Փաշինյանի ձայները, Նիկոլ Փաշինյան անհատի, կամ Սերժ Սարգսյանին դեմ ժողովրդի: Շատերը կան, ում անունը տաս, չեն ճանաչի, և առաջիկա 5 տարում էլ չեն ճանաչի: Իրենք մտածում են, որ իրենք իրենցով են պատգամավոր: Ես նորից եմ ասում՝ ոչ, 1000 անգամ ոչ: Դուք պատգամավոր եք միմիայն և բացառապես Նիկոլ Փաշիանյանի շնորհիվ: Միգուցե դա է իրենց կաշկանդում լինել ինքնուրույն, ունենալ սեփական ձայն և տեսակետ: Ես չգիտեմ, ես իրենց հոգեվերլուծողը չեմ, բայց ես մի բան կարող եմ ասել՝ պրոֆեսիոնալ առումով բավականին խնդրահարույց է այս խորհրդարանը:

-Տիկի՛ն Զոհրաբյան, կգա՞ ժամանակ, երբ այս խորհրդարանը կսկսի ավելի քիչ արտահայտել հասարակական տրամադրությունները: Այս պահին հասարակության տրամադրվածությունն ինչպիսի՞ն է:

Այնպես չէ, որ հիմա այդ ժամանակը չէ: Մարդիկ դա շատ լավ հասկանում են, որ իրենք խորհրդարան չեն ուղարկել «իքսին», «իքսի» դիմաց դնելով նշան՝ խորհրդարան են ուղարկել 1-2, մինչև 80՝ մի քանիսին հանում եմ, «նիկոլփաշինյաններ»: Երբ մարզերում խնդրի դեպքում հարցնում ենք՝ բա ու՞ր են ձեր պատգամավորները, ասում են՝ մենք քվեարկել ենք ոչ թե իրենց, այլ Նիկոլ Փաշինյանին: Ակնհայտ է, որ հասարակական տրամադրությունները կփոխվեն, քանի որ տրվել են բազմաթիվ խոստումներ, և չեն տրվել պատասխաններ: Ես չեմ տեսնում ներդրումները, որ ուրախանամ, ասեմ՝ երկրի տնտեսության թոքերը բացվելու են, գործազրկությունը նվազելու է, աղքատությունը կրճատվելու է, և ունենալու ենք աշխատատեղեր: Այսինքն՝ այս հեղափոխական հռետորաբանության էջը պետք է փակվի, չեգևարայության էջը պետք է փակվի. արդեն վաղուց պետք է սկսված լիներ կոնկրետ գործ անելու ժամանակը: Մենք չենք ուզում ունենալ անընդհատ հուսալքված հասարակություն, մենք չենք ուզում ունենալ քաղաքացի, որ հերթական անգամ ասի՝ ես սխալվեցի:

-Վերը ասվածը հաշվի առնելով՝ ի՞նչ քաղաքական զարգացումներ եք ակնկալում:

Եթե նախորդ իշխանությունների ժամանակ համակարգային կոռուպցիայի, «բեսպրեդելի» կողքին հնարավոր էր գոնե կանխատեսել, ասել՝ օրինակ՝ ավելի վատ է լինելու, այս դեպքում ես անկեղծորեն խոստովանում եմ, որ ինձ համար ամենառիսկայինը այսօր անկանխատեսելիությունն է: Չգիտես՝ վաղը ինչ է լինելու: Ես չեմ ուզում, որ վաղը ավելի վատ լինի, քան՝ այսօր: «Բարգավաճ Հայաստան»-ի կարգախոսն այն է, որ ամենքս մեր չափով անենք ամեն ինչ, որ մեր երկիրը ամուր ոտքերի վրա կանգնի, բայց դրա համար պիտի դեկտեմբերի 9-ով փակել հեղափոխական չեգեվարայիզմի էջը և անցնել կոնկրետ, առարկայական քայլերի, որոնք, ցավոք սրտի, մենք չենք տեսնում՝ ոչ արտաքին քաղաքական, ոչ ներքին քաղաքական, և, առավել ևս տնտեսության ոլորտում: