Միջուկային տերությունները և միջուկային հովանու ներքո գտնվող պետությունները պետք է փոխեն իրենց քաղաքականությունը և աշխատեն միջուկային զենքի ամբողջական վերացման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Նագասակիի քաղաքապետ Շիրո Սուզուկին քաղաքի ամերիկյան ատոմային ռմբակոծության 79-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի արարողության ժամանակ։
«Միջուկային տերությունների ղեկավարներ և միջուկային հովանու ներքո գտնվող երկրների առաջնորդներ: Պետք է նայել իրականությանը, որ քանի դեռ գոյություն ունի միջուկային զենք, մարդկությանը սպառնացող վտանգը միայն կաճի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս պետությունները պետք է կտրուկ շրջադարձ կատարեն իրենց քաղաքականության մեջ և շարժվեն միջուկային զենքի ամբողջական վերացման ուղղությամբ։ Սուզուկին հավելել է, որ անձնական այցը Հիրոսիմա և Նագասակի կօգնի նման պետությունների ղեկավարներին գիտակցել միջուկային զենքի սարսափը։
Ճապոնիան նույնպես գտնվում է ԱՄՆ միջուկային հովանու ներքո։