
Մյունխենի օդանավակայանը հայտարարել է թռիչքների դադարեցման մասին՝ կապված օդային տարածքում անօդաչուների հայտնաբերման հետ։
Այս մասին գրել են գերմանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հոկտեմբերի 2-ի ուշ երեկոյան Գերմանիայի օդային երթևեկության վարչությունը սահմանափակել է թռիչքները Մյունխենի օդանավակայանում, այնուհետև բոլորովին դադարեցրել դրանք՝ նկատված մի քանի անօդաչուների պատճառով։
Դրա հետևանքով հետաձգվել է 17 չվերթ։ Թռիչքների դադարեցումը վերաբերել է գրեթե 3 հազար ուղևորի։
Դրա հետ մեկտեղ Մյունխեն ժամանող տասնհինգ չվերթ վերաուղղորդվել է Շտուտգարտ, Նյուրնբերգ, Վիեննա և Ֆրանկֆուրտ։
Ավելի վաղ անօդաչուների հայտնաբերման պատճառով թռիչքներ էին դադարեցվել Դանիայի մի քանի օդանավակայաններում։
Դանիայի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 22-ից ի վեր Թագավորության երկնքում բազմիցս նկատվել են անհայտ անօդաչուներ։
Սեպտեմբերի 25-ի գիշերը անօդաչուներ էին նկատվել Դանիայի մի քանի օդանավակայանների, ինչպես նաև երկրի ռազմական օբյեկտների վրա։ Դանիական իշխանությունների ներկայացուցիչները անօդաչուների հետ կապված միջադեպերը որակել էին որպես «հիբրիդային գրոհ», սակայն ձեռնպահ էին մնացել մեկնաբանություններից, թե ԱԹՍ-ներն ում կարող էին պատկանել։