Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պատերազմի օրերին գտնվել է հրամանատարական կետում ու դիտել Մատաղիսի ուղղությամբ մարտերը. այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց պաշտոնից նոր հեռացած ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը։
«Տեսել եմ տիկին Աննան նստած է հրամանատարական կետի մոնիտորի առաջ, իսկ կողքը Սամվել Բաբայանն է։ Այնտեղ ընթանում էր դիտարժան մարտ, հակառակորդի մուտքն էր Մատաղիս, մեր զորքերը էֆեկտիվ ջախջախում էին։ Որևէ հարցի չէր խառնվում, ցուցումներ չէր տալիս։ Երբ դա ավարտվեց, ես մոտեցա, ասացի տիկին Աննա, մնացած ուղղություններում ընթանում են մարտեր, նպատակահարմար է, որ դուք գնաք, որովհետև տղաները կաշկանդվում են ձեզնից, հայհոյանք կա և այլն, լավ է՝ գնաք։ Մի 20 րոպե հետո գնաց։ Չորս ժամից հետո ինձ կանչեցին Երևան, պաշտպանության նախարարի մոտ, ինձ հրամայեցին, որ դուք այլևս չպիտի գնանք Արցախ»,- մանրամասնեց Հակոբյանը։
Մովսես Հակոբյանն ասաց՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է իրեն փոխանցել, որ դա վարչապետի հրամանն է, իսկ հետագայում պահանջ են դրել, որ Արցախ գնալու համար կորոնավիրուսի թեստ հանձնի։ Թեստի պատասխանը եղել է դրական՝ երկկողմանի թոքաբորբի ախտանշաններով, հետագայում սակայն այլ բժշկի մոտ բուժզզննում անցնելուց պարզվել է, որ որևէ թոքաբորբ չի եղել։



