Մոսկվայում մեկնարկում է «Ամինա» հավելվածով օտ...

Մոսկվայում և Մոսկվայի մարզում սեպտեմբերի 1-ից մեկնարկում է աշխատելու համար Ռուսաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների գտնվելու վայրի փորձնական հաշվառում «Ամինա» հավելվածի միջոցով. փորձնական ռեժիմը նախատեսված է փոխարինելու միգրացիոն հաշվառման գործող կարգը։ Աս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն, որը հրապարակվել է Մոսկվայի Բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոնի կայքում, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք Մոսկվա և Մոսկվայի մարզ են ժամանում աշխատելու համար, անհրաժեշտ կլինի պարտադիր կարգով ներբեռնել «Ամինա» հատուկ բջջային հավելվածը։

Հավելվածը, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «կպարզեցնի օտարերկրյա քաղաքացիների հաշվառումը, ինչը միգրացիոն օրենսդրության պահպանումն ավելի հարմար կդարձնի բարեխիղճ օտարերկրացիների համար»։ «Ամինա»-ն թույլ կտա գրանցվել Բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոնի հասցեում և հավելվածի միջոցով ներքին գործերի մարմիններին հեռավար կերպով տեղեկացնել բնակության վայրի ու դրա փոփոխության մասին։

Օտարերկրյա քաղաքացիներն իրենք պետք է ներբեռնեն հավելվածը. իրավազորման համար անհրաժեշտ է օտարերկրյա քաղաքացու գործող քարտ։ Դրա ձևակերպման համար անհրաժեշտ է դիմել Բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոն։ Դրա կորելու դեպքում իրավազորում կարելի է անցնել անձնագրային տվյալներով։

Բջջային հավելվածը Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը կփոխանցի գեոլոկացիայի մասին տվյալները։

«Եթե այն գրանցի, որ մի քանի օրվա ընթացքում դրանք չեն փոխանցվում, ապա օտարերկրյա քաղաքացին ծանուցում կստանա գտնվելու վայրի հասցեն հաստատելու կամ Ներքին գործերի նախարարությանը դրա փոփոխության մասին տեղեկացնելու անհրաժեշտության մասին։ Դրա համար անհրաժեշտ չէ այցելել ներքին գործերի մարմիններ կամ Բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոն», - պարզաբանում է կենտրոնը։

Եթե վերջին մոնիթորինգի օրվանից երեք աշխատանքային օրից ավելի գեոլոկացիայի մասին տեղեկություններ չկան, ապա օտարերկրյա քաղաքացին հանվում է Բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոնի հասցեում հաշվառումից։

«Փորձի մեկնարկից հետո մոնիթորինգի պայմանների խախտումը կարող է հիմք հանդիսանալ օտարերկրյա քաղաքացու մասին տեղեկատվությունը Վերահսկվող անձանց գրանցամատյան մուտքագրելու համար», - պարզաբանել են կենտրոնում։

Փորձնական հաշվառման իրականացման վայրի սահմաններից դուրս գտնվող տարածաշրջանում միգրացիոն հաշվառման կանգնելու կամ երկրից մեկնելու դեպքում օտարերկրյա քաղաքացին հանվում է Բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոնի հաշվառումից։