
Մոսկվան սպասում է, որ շուտով կսկսվի քաղաքական, ռազմական և հումանիտար հարցերի շուրջ երկխոսությունը ռուս-ուկրաինական աշխատանքային խմբերի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։
«Հուլիսի 23-ին Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ ուկրաինական կողմին առաջարկվել է ստեղծել քաղաքական, ռազմական և հումանիտար հարցերի գծով երեք աշխատանքային խումբ, որոնք կաշխատեն, մասնավորապես, տեսակոնֆերանսի ռեժիմով», - հիշեցրել է նա և հավելել՝ «մենք պաշտոնական պատասխան դեռ չենք ստացել Կիևից»։
Դիվանագետը հաստատել է, որ «այդ հարցերը քննարկվում են շփումների ընթացքում, առաջվա պես սեղանին են դրված»։
«Մենք սպասում ենք, որ խմբերը կձևավորվեն և հնարավորինս շուտ ձեռնամուխ կլինեն գործնական աշխատանքի», - հայտարարել է Ֆադեևը ճեպազրույցում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։