Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում մի շարք խոշոր մարզասրահներ հայտնվել են իրավապահ և հարկային մարմինների ուշադրության կենտրոնում։ Քննչական գործողություններ, հարյուր միլիոնավոր դրամների հարկային պահանջներ, գործունեության դադարեցում և անգամ մասնավոր համալիրի անցում համայնքային տնօրինության ներքո։
«Ռիբոկ» և «Գոլդս ջիմ»՝ քննչական գործողություններ և համապատասխանաբար շուրջ 300 և 500 միլիոն դրամի ենթադրյալ չվճարված հարկեր։
Գագիկ Ծառուկյանի ընտանիքի հետ կապվող «Մուլտի Վելնես»՝ խուզարկություններ, գործունեության դադարեցում, ապա համալիրի անցում Երևանի քաղաքապետարանի տնօրինության ներքո և վերաբացում նոր անվամբ։ Նախկին տնօրինությունը վիճարկում է պետական մարմինների գործողությունների իրավաչափությունը։
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամի հետ կապվող «Օրանժ Ֆիթնես»՝ քննչական գործողություններ, ավելի քան 520 միլիոն դրամի ենթադրյալ չվճարված հարկերի վերաբերյալ քրեական գործ և գործունեության դադարեցում։
Եվ ահա, այս ամենի ֆոնին ֆիթնեսի շուկայում ընդլայնվում է «Puls» հարթակը, որի աշխատանքներում ներգրավված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը։
Հարթակը հնարավորություն է տալիս մեկ բաժանորդագրությամբ օգտվել տարբեր մարզասրահներից։ Սակայն, ըստ NEWS.am-ի հրապարակման, ոլորտի որոշ ներկայացուցիչներ մտահոգություններ են հայտնել առաջարկվող համագործակցության ֆինանսական պայմանների վերաբերյալ։
Նույն աղբյուրի համաձայն՝ Մարիամ Փաշինյանն անձամբ է կապ հաստատել մարզասրահների ներկայացուցիչների հետ՝ ներկայանալով որպես «Puls»-ի մարքեթինգի ղեկավար։ Ընկերությունը հաստատել է նրա ներգրավվածությունը։
Ոլորտում խոշոր ընկերությունները բախվում են պետական մարմինների կոշտ գործողություններին, իսկ վարչապետի ընտանիքի անդամի մասնակցությամբ նախագիծն ընդլայնվում է, առաջանում են հարցեր, որոնք հրապարակային պատասխաններ են պահանջում։
Ի՞նչ կարգավիճակ ունի Մարիամ Փաշինյանը «Puls»-ում։ Նա պարզապես վարձու աշխատակի՞ց է, թե՞ ունի նաև ուղղակի կամ անուղղակի տնտեսական շահ։
Կարո՞ղ են մարզասրահների սեփականատերերը առանց որևէ մտավախության հրաժարվել վարչապետի դստեր հետ կապվող հարթակի առաջարկներից։ Արդյո՞ք բոլորի համար ապահովված են մրցակցային հավասար պայմաններ։
Եվ ամենակարևորը՝ կա՞ որևէ կապ խոշոր մարզասրահների նկատմամբ պետական մարմինների գործողությունների և նույն ժամանակահատվածում «Puls»-ի ընդլայնման միջև, թե՞ սա ընդամենը պատահական համընկնում է։
Իրավապահ մարմինների գործողությունները պետք է ծառայեն օրենքի կիրառմանը, ոչ թե որևէ բիզնեսի համար մրցակցային առավելություններ ստեղծելուն։
Եվ եթե մի կողմից խոշոր մարզասրահներ են փակվում, մյուս կողմից՝ վարչապետի դստեր մասնակցությամբ նախագիծն է ընդլայնվում, իշխանությունը պարտավոր է հստակ բացատրել՝ ինչպե՞ս է երաշխավորվում, որ պետական իշխանությունը չի վերածվում մասնավոր բիզնեսի հաջողության գործիքի։



