Այն իրավիճակը, որը հիմա կա Հայաստանում, կապված Սյունիքյան դեպքերի հետ, աննախադեպ է Հայաստանի նորագույն ողջ պատմության համար։ Ըստ էության, ստեղծվել է մի վիճակ, երբ Հայաստանը դարձել է կրկին միջազգային եւ ռեգիոնալ քաղաքականության հետ կապված կարեւոր խնդիրների հանգուցակետ։
Ու այստեղ շահեր ունեն բոլորը՝ եւ կոլեկտիվ Արեւմուտքը, եւ Ռուսաստանը եւ Իրանը եւ Թուրքիան եւ Չինաստանը։ Առաջ անցնելով, կարող ենք ասել, որ հիմա Հայաստանում որոշվում է նաեւ, թե ապագայում Հայ ժողովուրդը ինչպիսի գեոպոլիտիկ կողմնորոշում է ունենալու։
Եթե խնդիրը Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չլուծի հայամետ ձեւով, ապա Ռուսաստանի համար ոչ թե Հայաստան պետությունը կհամարվի կորսված, այլ ողջ Հայ ժողովուրդը, իր սփյուռքյան ներուժով, իսկ դա Ռուսաստանի համար ցանկալի չէ, քանի որ դեռ ցարական ժամանակներից Հայկական Սփյուռքը կարեւոր գործոն է եղել ռուսական արտաքին քաղաքական մի շարք ուղղություններում։ Ամերիկահայի, ավստրալահայի, գերմանահայի, ֆրանսահայի համար Հայաստանը որպես ամբողջություն ունի գոյաբանական-էքզիստենցիալ բնույթ, անկախ այն հանգամանքից, թե կոնկերտ հայաստանյան իրողություններին քաղաքական ինչպես է վերաբերվում։
Հետեւաբար ոտնձգությունը Հայաստանի դեմ, եւ Ռուսաստանի՝ ոչ համարժեք եւ ոչ պատշաճ արձագանքը Հայկական Սփյուռքում մեկնաբանվելու է հակառուսական շեշտերով։ Սա պետք է Պուտինյան էլիտայում հասկանան բոլորը՝ «Հյուրյեթում» լրագրող աշխատելու երազանք ունեցած Դմիտրի Պեսկովից, մինչեւ Գոդ Նիսանովի սաունայում հանգստացող Սերգեյ Նարիշկին։ Իսկ Հայկական Սփյուռքի հակառուսական տրամադրությունները կարող են արդեն շատ հարցերում ռուսների համար լինել խնդրահարույց․ իհարկե «Սոկարը» կարող է Արեւելյան Եվրոպայում իրականացնել ռուսական նավթամթերքի վերավաճառում ռուսների հարմար գներով, բայց հայկական ներուժը ավելիին է ընդունակ, քան Պուտինյան էլիտան է կարծում ադրբեջանամետ կարճաժամկետ հաջողություն բերող ռեւերենանսերն են։
Մոսկվան պիտի հիշի, որ հայկական ներուժը կարող է ինչպես նպաստել, որ Ռուսաստանը «բենզա-գազալցակայանից» վերածվի գերտերության, այնպես էլ հակառակ ուղղությամբ աշխատել, որպեսզի Ռուսաստանը կորցնի իր վերջին դաշնակիցներին։