Մոսկվան «չի կարող համաձայնել» հետախուզական տվ...

Ռուսաստանը ռազմական արտադրանք է մատակարարել Իրանին ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի շրջանակներում, սակայն հետախուզական տվյալներ չի տրամադրում։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը France Télévisions-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան «չի կարող համաձայնել» հետախուզական տվյալներով Թեհրանին օգնելու մեղադրանքների հետ։

«Դուք հիշատակեցիք ամերիկյան ռազմաբազաների գտնվելու վայրի վերաբերյալ հետախուզական տվյալները։ Բոլորը գիտեն տարածաշրջանում դրանց կոորդինատները։ Սա գաղտնի չէ ։ Սա բաց տեղեկատվություն է։ Ես չեմ զարմանում, որ Իրանը հարձակվում է դրանց վրա», - հավելել է նախարարը։

Լավրովն ասել է, որ ռազմական գործի վերաբերյալ թեկուզ մակերեսային գիտելիքներ ունեցող յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ ԱՄՆ-ն օգտագործում է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներն Իրանի մասին հետախուզական և արբանյակային տվյալներ հավաքելու և փոխանցելու համար։

«Այն, որ այս բազաներն այժմ ենթարկվում են պարբերական հարձակումների, հետևանք է արկածախնդրության, որը սկսվել է առանց որևէ պատճառի։ Իզուր չէ, որ ամերիկացիներն այս բազաներից տարհանել են իրենց զինծառայողների մեծ մասին: Սա նաև ցույց է տալիս, որ նրանք գիտեին, թե ինչ է լինելու: Այս ագրեսիան սկսելով՝ նրանք դավաճանեցին և հիասթափեցրին իրենց արաբ դաշնակիցներին», - նշել է Լավրովը:

Մարտի 8-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ անձամբ է ռուսական կողմին խնդրել Իրանին հետախուզական տվյալներ չփոխանցել։