Ռուսաստանը, կարելի է ասել, արագացված ռեժիմով վերսկսել է Ղարաբաղյան կարգավորման իր պլանի իրականացումը։ Կարող ենք անվանել այն վերաշարադրված Լավրովյան պլան, կամ ստեղծված իրականությանը հարմարեցված Լավրովյան պլան, սակայն այն քայլերը, որոնք կատարում է Մոսկվան այս ուղղությամբ, կասկածի առիթ չեն տալիս, որ Կրեմլում որոշել են որքան հնարավոր է արագ այս հարցը փակել։
Սրանով է թերեւս պայմանավորված առաջիկայում Լավրով-Չավուշօղլու հանդիպումը, որը պիտի կայանա Անթալիայում, ինչպես նաեւ այսօր՝ ՄԱԿ Փախստականների հարցրերով Գերագույն հանձնակատար Գրանդիի հետ հանդիպման ժամանակ Ղարաբաղյան հակամարտության ընթացքում փախստականների տունդարձի հարցի քննարկումը։ Թե ինչու է շտապում Մոսկվան, դժվար է ասել։ Արդյոք մտածում է, որ պետք է արագացնի պրոցեսները, քանի դեռ բարենպաստ մթնոլորտ կա, թե այլ պատճառներ կան, դեռ հայտնի չէ, եւ ցույց կտա ժամանակը։
Սակայն նաեւ պետք է արձանագրել, որ առնվազն ինչ որ կոնսենսուս կա՝ եթե ոչ այսպես ասած ռուսական նախաձեռնողականությամբ հարցը լուծելու, ապա գոնե ռուսական հսկողությամբ առայժմ /օրինակ մի քանի տասնամյակ/ հարցը փակելու հարցով։ Այլապես, Մոսկվայի գործողությունների հանդեպ ինչ որ հակազդեցություն կլիներ, սակայն փաստն այն է, որ այդպիսի հակազդեցություն չկա եւ կարծես թե բոլորն էլ գոհ են, որ ռուսները այդ մի «գլխացավանքը» վերցրել են իրենց հսկողության ներքո կամ շարունակում են պահել իրենց հսկողության ներքո։ Սակայն Երեւանը պետք է ուշադիր լինի։
Անկարան եւ Մոսկվան քննարկելու են Ուկրաինայի հետ կապված հարցեր եւ հետեւաբար, պետք է նախապատրաստվել, որպեսզի հանկարծ հանուն ուկրաինական «սեւահողերի» Ղարաբաղյան հարցը որպես մանրադրամ «չխուրդեն» Մոսկվան ու Անկարան իրար մեջ՝ վերջնականապես։



