Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայում հ...

Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայում հակամարտությունը սառեցնելու առաջարկը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ի թղթակիցը։

Նրան խնդրել են մեկնաբանել Bloomberg-ի այն հրապարակումը, ըստ որի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է հենց այս առաջարկն անել G20-ի ղեկավարներին։ Գործակալության տվյալներով՝ Թուրքիան Ուկրաինային կառաջարկի հետաձգել ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցություններն առնվազն 10 տարով, ինչպես նաև ստեղծել «ապառազմականացված գոտի» Դոնբասի արևելքում և այնտեղ տեղակայել «միջազգային զորքեր»։

Պեսկովը մանրամասնել է, որ սառեցման ծրագիրը չի քննարկվել Թուրքիայի հետ Ռուսաստանի շփումների ժամանակ։

«Ռուսական կողմի համար անընդունելի է մարտական գծի շփման երկայնքով սառեցնելու տարբերակը։ Այս հարցի վերաբերյալ Պուտինի ձևակերպած պայմանները մնում են արդիական»,- ասել է Պեսկովը։

2024 թվականի հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ուկրաինայի հետ խաղաղության շուրջ բանակցություններ սկսելու պայմանները։ Դրանց թվում են ուկրաինական զորքերի դուրսբերումն ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունից, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից, այդ մարզերի և Ղրիմի միջազգային ճանաչումը որպես Ռուսաստանի մաս, Կիևի՝ ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը և Արևմուտքի բոլոր պատժամիջոցների վերացումը: Կիևն այս պայմանները որակել է «վերջնագիր»։