«Մոսադ»-ի ղեկավարը Կատարին վստահեցրել է, որ Ի...

Իսրայելը միջազգային միջնորդներին հավաստիացրել է, որ համաձայն է Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև սահմանից զորքերի ամբողջական դուրսբերմանը պատանդների շուրջ գործարքի երկրորդ փուլի ընթացքում։ Այս մասին հաղորդում է The Times of Israel թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ արաբ դիվանագետներից մեկը նշել է, որ Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության տնօրեն Դավիդ Բարնեան ինքնաթիռով շտապ մեկնել է Դոհա այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուին հայտարարել է, որ Իսրայելը մտադիր չէ զորքերը դուրս բերել Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին գտնվող  Ֆիլադելֆիական միջանցքից։ 

Աղբյուրը նշել է, որ Դոհայում Բարնեան Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանիին տեղեկացրել է այն մասին, որ Իսրայելը համաձայն է զորքերը սահմանից ամբողջությամբ դուրս բերել պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հետ գործարքի երկրորդ փուլի ընթացքում։

 
Օգոստոսի 29-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը որոշում էր ընդունել պահպանել զորքերի ներկայությունը Ֆիլադելֆիական միջանցքում։ Պաշտպանության նախարար Յոավ Գալանտը դեմ էր արտահայտվել այդ որոշմանը, իսկ սեպտեմբերի 1-ին հանդես էր եկել առանձին հայտարարությամբ՝ կոչ անելով կառավարությանը վերանայել այդ որոշումը։ 

 Նեթանյահուն սեպտեմբերի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ տարակուսանք է հայտնել առանձին քաղաքական գործիչների այս դիրքորոշման առնչությամբ և նշել պատերազմական պայմաններում կառավարության միասնության անհրաժեշտությունը։