Moody's գործակալությունը իջեցրել է «Հայաստանի...

Միջազգային վարկանշային Moody's գործակալությունը իջեցրել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի երկարաժամկետ կորպորատիվ վարկանիշը (CFR) «Ba2»-ից «Ba3», իսկ դեֆոլտի հավանականության վարկանիշը (PDR)՝ «Ba2-PD» մակարդակից մինչև «Ba3-PD», ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Կանխատեսումը «կայունից» փոխվել է «բացասականի»։

Ավելի վաղ վարկանիշները գտնվել են վերանայման փուլում՝ իջեցման հնարավորությամբ։ Այս վարկանիշային գործողությամբ ավարտվում է ՀԷՑ-ի վերաբերյալ 2025 թվականի հունիսի 20-ին սկսված վերանայումը։

Ավելի վաղ գործակալությունը նշել էր, որ վարկանիշները «Rating Watch Negative» ցուցակում են հայտնվել այն բանից հետո, երբ հաղորդվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է ազգայնացնել ընկերությունը և որ ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, հայազգի ռուս գործարար Սամվել Կարապետյանը ձերբակալվել է։

«Վարկանիշի իջեցումը արտացոլում է ընկերության պետական ​​ազդեցության և կարգավորող ռիսկերի նկատմամբ աճող խոցելիությունը՝ 2025 թվականի հուլիսին օրենսդրական փոփոխությունների ընդունման արդյունքում, որոնք թույլ են տալիս կառավարությանը ազգայնացնել ընկերությունը, իսկ կարգավորող մարմնին որոշակի դեպքերում նախաձեռնել որոշակի վարչական վարույթներ», - ասվում է գործակալության հայտարարության մեջ։

Moody's-ը նշում է, որ «Ba3» վարկանիշը դեռևս հաշվի է առնում ՀԷՑ ընկերության մենաշնորհային դիրքը՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտում, ինչը նրան երկրի համար կենսականորեն կարևոր ենթակառուցվածքային ընկերություն է դարձնում։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կորպորատիվ կառավարման վրա վերջին իրադարձությունների ազդեցության շուրջ անորոշության պատճառով մենք ընկերության վարկունակության վարկանիշը «CIS-2»-ից փոխել ենք «CIS-3»՝ արտացոլելով այն փաստը, որ թեև կորպորատիվ կառավարման գործոնները սահմանափակ ազդեցություն ունեն ներկայիս վարկանիշի վրա, այնուամենայնիվ ժամանակի ընթացքում դրանք կարող են ավելի բացասական ազդեցություն ունենալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «բացասական» կանխատեսումն արտացոլում է կարգավորող և գործարար միջավայրի զարգացման շուրջ պահպանվող անորոշությունը, ներառյալ ընկերության պոտենցիալ ազգայնացումը, ինչպես նաև վերջին իրադարձությունների ազդեցությունը ՀԷՑ-ի կառավարման, գործունեության, ներդրումային ծրագրի, ֆինանսական քաղաքականության, վարկային ցուցանիշների, իրացվելիության և միջազգային ֆինանսավորման հասանելիության վրա։

«Հաշվի առնելով բացասական կանխատեսումը, ՀԷՑ-ի վարկանիշները, հավանաբար, դրաբք չեն բարձրացվի հաջորդ 12-18 ամիսների ընթացքում», - նշել է Moody's-ը։

Հունիսի 18-ին Երևանի դատարանը ձերբակալել է Կարապետյանին՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեղադրանքով։ Գործարարի պաշտպանությունն արդեն բողոքարկել է այս որոշումը, որից հետո կալանքի ժամկետը կրկին երկարաձգվել է։