Մոլդովայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է արտա...

Քիշնևում Ռուսաստանի Դաշնության դեսպան Օլեգ Վասնեցովը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։ Ըստ աղբյուրի՝ ռուս դիվանագետին զեկուցվել է ԱԳՆ դիրքորոշման մասին, որը հավանություն չի տալիս Մոլդովայի Հանրապետության Մերձդնեստրի մարզում Ռուսաստանի Դաշնության ընտրատեղամասերի բացմանը, հաղորդում է «Ռադիո Մոլդովան»։

«Ռուսաստանի Դաշնությունը խախտում է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները և խաթարում է Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է գնահատել իրավիճակը և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի հետագա անհրաժեշտ արձագանքների մասին»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Օլեգ Վասնեցովը Քիշնևի դիրքորոշումն անհիմն է անվանել։ Նա հայտարարել է, որ Մոլդովայի Հանրապետությունում Ռուսաստանի քաղաքացիների իրավունքները պետք է հարգվեն։