Մոլդովայում հանրաքվեն տեղի է ունեցել Ռուսաստա...

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն անդրադարձել է այն պայմաններին, որոնցում անցել է Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի ընտրարշավը:

«Մենք գիտենք, որ այդ քվեարկությունը տեղի է ունեցել Ռուսաստանի և նրա վստահությունը վայելող անձանց աննախադեպ միջամտության և ահաբեկման պայմաններում, որոնք փորձել են ապակայունացնել Մոլդովայում ժողովրդավարական գործընթացը»,- հայտարարել է Ստանոն՝ առանձնացնելով, մասնավորապես, ձայներ գնելու փորձերը և քարոզչությունը:

ԵՄ ներկայացուցչի խոսքով՝ քվեարկությունը խափանելու ջանքերը շարունակվել են ամիսներ: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Էրիկ Մամերն էլ հավելել է, որ ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Եվրամիությանը միանալու Մոլդովայի ձգտմանը:

Մոլդովայում անցկացված հանրաքվեին է անդրադարձել նաև Էմանուել Մակրոնը: Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ ապատեղեկատվության տարածումը չսասանեց մոլդովացիների վճռականությունը, «որի ձգտումը՝ միանալու եվրոպական ընտանիքին, էլ ավելի ուժեղացավ»:

«Մոլդովան կարող է հույս դնել մեր աջակցության վրա իր եվրոպական ճակատագրի իրականացման գործում»,- հավաստիացրել է Ֆրանսիայի նախագահը:

Ըստ Մոլդովայի ԿԸՀ վերջին տվյալի՝ միաժամանակ անցկացվող հանրաքվեի և նախագահի ընտրության ժամանակ ԵՄ անդամակցության օգտին քվեարկել է ընտրողների 50,46 %-ը: Նախագահի թեկնածուներից գործող նախագահ Մայա Սանդուն ստացել է ընտրողների ձայների 42,45 %-ը, իսկ նրա հիմնական մրցակից, երկրի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 25,98%-ը: