Մոլդովայի եվրաինտեգրման հանրաքվեն կայացել է

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Անժելա Կարամանը հայտնել է, որ Մոլդովայի եվրաինտեգրման հանրաքվեին ժամը 18:00-ի դրությամբ (Մոսկվայի հետ համընկնող) մասնակցությունը գերազանցել է 42%-ը, այն կայացել է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ընտրական գործընթացն ընթանում է առանց լուրջ միջադեպերի, մենք նշում ենք ակտիվ մասնակցություն, ինչը վկայում է այն մասին, որ քաղաքացիները լրջորեն են վերաբերվում քվեարկության գործընթացին»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ըստ օրենքի, նախագահական ընտրությունները և հանրաքվեները կարող են կայացած համարվել, եթե դրանց մասնակցել է ցուցակների ընտրողների մեկ երրորդից ավելին։

Նշվել է, որ Մոլդովայում դիտորդները ստացել են 658 ազդանշան ընտրությունների և Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեի խախտումների մասին, որոնցից 575 հաղորդագրություն արդեն ընդունվել է քննարկման։