Մոլդովան չեղարկում է ԱՊՀ-ի հետ սահմանապահ զոր...

 Մոլդովայի խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ երկիրը չեղարկում է ԱՊՀ-ի հետ համաձայնագիրը, որը կարգավորում է սահմանապահ զորքերին սպառազինությամբ ու տեխնիկայով ապահովելու հարցերը։ Այդ մասին Հաղորդում է «РИА Новости» գործակալությունը:

«Մոլդովան չեղարկում է համաձայնագիրը, որը հաստատում է փոխգործակցության մեխանիզմներն Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից երկրների սահմանապահ զորքերին սպառազինություն և ռազմական տեխնիկա ապահովելու գործում: Խորհրդարանի արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման հանձնաժողովը հաստատել է համաձայնագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ խորհրդակցական եզրակացությունը», - հաղորդվում է խորհրդարանի կայքում։

Երկրի Ներքին գործերի նախարարության կարծիքով՝ համաձայնագիրն իր հրատապությունը Մոլդովայի համար սպառել է կնքումից անմիջապես հետո, քանի որ այն գործնականում չի իրականացվել իրավասու մարմինների կողմից:

Խորհրդարանը գարնանային նստաշրջանում չեղարկել է ԱՊՀ հարթակում կնքված ութ համաձայնագիր։ Չեղարկման ևս վեց նախագիծ գրանցվել է օրենսդիր ժողովում և պետք է քննարկվի պատգամավորների կողմից։

Մոլդովայի իշխանություններն անցյալ տարվանից սկսել են խոսել ԱՊՀ-ի հետ մի շարք համաձայնագրեր չեղյալ հայտարարելու անհրաժեշտության մասին։ Նախարարությունները մտադիր են վերլուծել ԱՊՀ-ի հետ բոլոր համաձայնագրերը և չեղարկել այն փաստաթղթերը, որոնք դարձել են «անարդյունավետ»՝ հույս ունենալով դրանք փոխարինել Համագործակցության անդամ երկրների հետ երկկողմ պայմանագրերով։