Մոլդովան բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Մոլդովայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովին՝  հայտարարելով, թե Ռուսաստանի կողմից Մոլդովայում կայացած ընտրություններին միջամտություն է տեղի ունեցել, «ինչը խստիվ դատապարտվում է»։

«Արտաքին գործերի նախարարությունն այսօր Մոլդովայի Հանրապետությունում ՌԴ դեսպան Օլեգ Օզերովին բողոքի նոտա հանձնեց՝ խստորեն դատաապարտելով Մոլդովայի Հանրապետության ընտրական գործընթացին Ռուսաստանի Դաշնության անօրինական և կանխամտածված միջամտությունը, որի նպատակն էր նախագահական ընտրությունների և սահմանադրական հանրաքվեի արդյունքների խեղաթյուրումը, Մոլդովայի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացի խարխլումն ու   ապալեգիտիմացումը»,- նշված է Մոլդովայի ԱԳՆ հայտարարությունում։

Մոլդովայում նոյեմբերի 3-ին կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ ԿԸՀ-ի տվյալներով՝ գործող նախագահ Մայա Սանդուն հաղթել է ՝ հավաքելով ձայների 55,33%-ը։ Մոլդովայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուն Մոսկվային հրապարակային մեղադրանք է  ուղղել՝ պնդելով, որ տեղի է ունեցել միջամտություն նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։