
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանական, անվտանգության և առաջատար տեխնոլոգիաների զարգացման ոլորտում մասնագիտացած, ռազմարդյունաբերական ոլորտի առաջատար «EDGE Group» ընկերության առևտրի և առաքելության աջակցության նախագահ Օմար Ալ-Զաաբիի հետ:
ՀՀ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ոլորտային համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներն ու անհրաժեշտ քայլերը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հիմնվելով նախորդ հանդիպումների և բանակցությունների վրա, ձևավորել է լայն օրակարգ ընկերության հետ և մեկնարկել կոնկրետ ծրագրերի իրականացման փուլը։
Կողմերը վերահաստատել են փոխշահավետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը և գործնական քայլեր ձեռնարկելու մտադրությունը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը և ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը: