Վերջին ամիսներին, իսկ հատկապես վերջին շաբաթներին, Հայաստանի իշխանությունները հիստերիկայի հասնող քարոզչություն են իրականացնում՝ հայտարարելով, թե երկրի դեմ հիբրիդային պատերազմ է մղվում։ Այդ քարոզչության տրամաբանությունը պարզ է․ իշխանության դեմ ցանկացած իրական ընդդիմադիր գործընթաց ավտոմատ կերպով կապվում է Կրեմլի հետ և պիտակավորվում որպես «հիբրիդային սպառնալիք»։
Սա ոչ թե անվտանգության մասին մտահոգություն է, այլ ներքաղաքական հաշվարկ։ Հիբրիդային պատերազմի թեման իշխանության ձեռքում վերածվել է ներքին ընդդիմախոսներին լռեցնելու, քաղաքական մրցակցությունը սատանայացնելու և ապագա ընտրական գործընթացները նախապես կասկածի տակ դնելու գործիքի։
Այս տրամաբանության մեջ լիովին տեղավորվում է Արտաքին հետախուզական ծառայության օրերս հրապարակած այսպես կոչված զեկույցը, որտեղ հիբրիդային սպառնալիքների «կուլմինացիա» են հռչակվում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Զեկույցում բաց տեքստով նշվում է, որ նպատակը կարող է լինել ընտրությունների ապալեգիտիմացումը և արտաքին դերակատարների համար «հարմար» իշխանության ձևավորումը։
Իշխանության քարոզչական մեքենան դրանով չսահմանափակվեց։ Զեկույցից ընդամենը մեկ օր անց Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթում հրապարակվեց հոդված, որը թեմատիկ առումով դրա ուղիղ շարունակությունն էր։ Չնայած այն ներկայացվում էր որպես արտասահմանյան վերլուծություն, հրապարակման բովանդակությունը և շեշտադրումները կասկած չեն թողնում, որ դա իշխանության ուղերձն է՝ ուղղված թե՛ ներսին, թե՛ արտաքին հովանավորներին։ Այստեղ ևս 2026 թվականի ընտրությունները ներկայացվում են որպես վճռորոշ ճակատամարտ Ռուսաստանի դեմ, իսկ Հայաստանը՝ որպես «փոքր ժողովրդավարություն», որը ենթարկվում է «մեծ տերության» հարձակմանը։
Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ սա համակարգված քաղաքական գիծ է։ Հունվարի 28-ին նույն նարատիվը ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքը բառացիորեն կրկնում էր իշխանական մեդիայի թեզերը՝ «ազատության թշնամիներ», «անսահման մեդիա ռեսուրսներ», «ժողովրդավարությունը ներսից խաթարելու փորձեր»։ Եվ ամենակարևորը՝ հստակ ազդակ էր ուղարկվում, որ առաջիկա ընտրությունների ֆոնին այս «ջանքերը կուժգնանան»։
Այս հայտարարություններցի առաջ էլ ԵՄ բարձրագույն ներկայացուցիչները ևս սկսեցին խոսել նույն լեզվով։ Կայա Կալասի նախորդ տարվա հոկտեմբերի 2-ի հայտարարությունը, ըստ էության, ոչ թե գնահատական էր, այլ քաղաքական աջակցություն գործող իշխանությանը՝ խոստումով, որ Եվրամիությունը ֆինանսական և կազմակերպչական աջակցություն կտրամադրի «ազդեցություններին հակազդելու» համար։
Այս ամբողջ շղթան միասին դիտարկելիս ակնհայտ է դառնում իրական պատկերը․ հիբրիդային պատերազմի մասին խոսում են ոչ թե այն պատճառով, որ իշխանությունը ուժեղ է, այլ որովհետև այն չունի հանրային վստահություն։ Արևմուտքում լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը լուրջ վարկանիշ չունի, և որ օրինական, մրցակցային ընտրությունների դեպքում նա իշխանությունը կորցնելու է։
Հենց այդ գիտակցությունից է բխում տեղեկատվաքարոզչական այս ագրեսիվ նախապատրաստությունը։ Ստեղծվում է ֆոն, որի ներքո հնարավոր կլինի արդարացնել ապօրինությունները, բիրտ ուժի կիրառումը, ազդեցիկ քաղաքական գործիչների և ուժերի ընտրական գործընթացից դուրս մղումը՝ ամեն ինչ ներկայացնելով որպես «ժողովրդավարության պաշտպանություն»։
Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի աղմուկը իրականում ուղերձ է Արևմուտքին․ հայ ժողովուրդը մեզ չի ընդունում, մենք պարտվելու ենք ընտրություններում, և եթե ցանկանում եք ձեր ծրագրերի շարունակությունը, պետք է աջակցեք մեզ՝ անկախ հայ ժողովրդի կամքից։
Սա արդեն նույնիսկ չեն էլ փորձում թաքցնել։ Փաշինյանի ընտանեկան թերթում բաց տեքստով գրված է, որ Հայաստանի ընտրությունները միայն Հայաստանի մասին չեն, այլ «հետխորհրդային տարածքում ազդակ» են։ Այլ կերպ ասած՝ հայ ժողովրդի ընտրությունը դիտարկվում է որպես աշխարհաքաղաքական գործիք, ոչ թե ինքնիշխան կամքի արտահայտություն։
ԵԽԽՎ-ում հնչած նույն թեզերի կրկնությունը ևս մեկ անգամ հաստատում է՝ իշխանությունն արդեն հոգեբանորեն պատրաստվում է պարտությանը և փորձում է այդ պարտությունը կանխել ոչ թե վստահության վերականգնմամբ, այլ արտաքին աջակցությամբ և ներքին ճնշմամբ։
Սա այլևս ոչ թե ժողովրդավարության պաշտպանություն է, այլ իշխանության պահպանում՝ ցանկացած գնով։
Բորիս Մուրազի



