Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է հայ ռազմագեր...

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Այս մասին տեղեկացնում է ԱԳ նախարարությունը։

Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-շվեդական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան` ընդգծելով տարբեր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։

Նախարար Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել շվեդական կողմին՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցության առնչությամբ, ինչը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը։

Կարևորվել է նաև Հայաստանի և Շվեդիայի միջև զարգացման համագործակցության ամրապնդումը և Շվեդական զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագրերը:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի՝ Արարատ Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

Ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում նախարար Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը։