Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը միջնորդեց դատական գործը փոխանցել Շիրակի դատարան, սակայն դատարանը մերժեց գործը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանին փոխանցելու միջնորդությունը։
Քիչ առաջ դատարանը մերժեց Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը, նրա կալանքւ երկարացրեց եւս 10 օրով։
Նշենք, որ գործը քննում է դատավոր Արմինե Մելքսթյանը։
Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։



