Սովորաբար երբ վերաքննիչ բողոք ենք բերում, նշում ենք մեկ, երկու, մի քանի կետ, բայց Միքայել Սրբազանի գործով դատավճիռը ոտքից գլուխ ապօրինություն է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15–ին, Վերաքննիչ դատարանի մոտ րագրողների հետ զրույցում ասաց Սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Սրբազանի պաշտպանները դատարանից խնդրում են ամբողջությամբ բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Միքայել Սրբազանի անմեղությունը։
«Օրենքի իմաստով Վերաքննիչ դատարանն այլ հնար չունի, քան բեկանելու այդ դատական ակտը։ Իհարկե մենք հասկանում ենք, թե ինչ է տեղի ուենում այս գործով և հնարավոր է, իրավական գործընթացները չգնան այն հունով, ոնց որ պետք է»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Նա թվարկեց՝ խախտված է ընդդատության կանոնը, այս գործը պետք է քննվեր Գյումրիում, սակայն քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։
«Սա բացարձակ տեխնիկական հարց չէ, Քրեական դատավարության օրենսգիրքը մի քանի հիմք է նախատեսում, որոնց դեպքում ակտը պարտադիր բեկանման ենթակա է։ Այդ աստիճանի կարևորություն ունի այս հարցը»,-ասաց փաստաբանը։
Ի դեպ, առաջին ատյանի կայացրած դատական ակտը բողոքարկել են նաև հանրային մեղադրողները՝ Միքայել Սրբազանի համար պահանջելով 2 տարվա փոխարեն 2 տարի 6 ամիս ազատազրկում՝ համարելով, որ 2 տարին ակնհայտ անարդար է։
«Աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չունի»,-ասաց Երեմ Սարգսյանը՝ ավելացնելով, որ դատական ակտը կայացվել է այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք դատարանում չեն հետազոտվել։



