Միքայել սրբազանի գործով դատական նիստը հետաձգվ...

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Էդգար Մանասյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Նարինե Հովակիմյանի և Վաչե Մարգարյանի,  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճռի դեմ բողոքների քննությունը հետաձգվեց՝ հանրային մեղադրողների բացակայության պատճառով։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, սեպտեմբերի 25-ին կայացրել էր մեղադրական վերդիկտ՝ մեղավոր ճանաչելով Միքայել Սրբազանին ՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի մեղադրանքով, իսկ  հոկտեմբերի 3-ին հրապարակած դատավճռով՝ Միքայել Սրբազնաին դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով։

Դատավճռի դեմ բողոք ներկայացրել է թե՛ պաշտպանության, թե՛ մեղադրանքի կողմը։  Պաշտպանության կողմը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատավճիռը և կայացնել արդարացման ակտ՝ ճանաչելով և հռչակելով Միքայել Սրբազանի անմեղությունը։ Մեղադրանքի կողմը պահանջում է մասամբ բեկանել դատական ակտը և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։

Դատական նիստը սկսեց մոտ 40 րոպե ուշացումով, դատական նիստին չեն ներկայացել հանրային մեղադրողները։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է հունվարին։
Նշենք, որ վաղը սրբազանը պետք է վիրահատվի։

Սրբազան հորը, հիշեցնենք, մեղադրում են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։ Ըստ վարույթի նյութերի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցների ընթացքում հայտարարել է, թե պետք է ռազմական հեղաշրջում կատարել, մինչդեռ, վիճարկվող հայտարարություններում  իրավապահները հանցակազմ չէին տեսել, քրեական վարույթ չէին նախաձեռնել և հիշել են միայն երկու տարի անց՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի թիրախավորմանը զուգահեռ կամ դրան հաջորդելով։

Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025թ․ հունիսի 17-ին։ Հատկանշական է մեկ հանգամանք ևս․ իրավապահները ոչ միայն, խախտելով անձի՝ նույն ենթադրյալ արարքի համար երկրորդ անգամ չդատվելու սկզբունքը հետապնդում են հարուցել տարիներ առաջ արված հայտարարության համար, այլև՝ քրեական գործի հարուցումից օրեր անց, առանց Սրբազանին ծանուցելու, հունիսի 26-ին նախ ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան՝  խուզարկությունների, ապա՝ զինված ներխուժել են Վեհարան, որտեղ քահանայաց ժողով էր ընթանում՝ փորձելով բեմադրությամբ ձերբակալություն իրականացնել, ինչը չի հաջողվել, քանի որ Սրբազանն ինքնակամ է ներկայացել։