Միքայել Մինասյանը կապ ունի՞ գրքերի գողության...

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը և իր քավոր Արարատ Միրզոյանը կասկածվում են 2004 թ․ ՀՑԹԻ գրադարանից արժեքավոր գրքեր գողանալու մեջ։ Վերջերս իր հարցազրույցներից մեկում Դեմոյանը նշեց, որ իրեն նախկին տնօրենը ասել է, որ գրքերը գողացել են ՀՑԹԻ ասպիրանտները, իսկ այդ ժամանակ նրանք երեքն են եղել՝ Վլադիմիր Վարդանյանը, Արարատ Միրզոյանը և Միքայել Մինասյանը։

Հետաքրքիր է, որ Միքայել Մինասյանի անունը Դեմոյանը հրապարակեց առաջին անգամ, և դա փոխում է իրերի դրությունը։ Գրքերի գողությունից հետո հարուցվել է քրեական գործ․ այս անձինք հարցաքննվել են, սակայն այդպես էլ ոչինչ չի բացահայտվել։ Ոչ ոք չի պատժվել, և ամենակարևորը՝ գրքերը չեն վերադարձվել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։

Գրքերը բացառիկ արժեք են ներկայացրել, և ցանկացած երկրում նման կասկածյալները հանգիստ չէին ունենա։ Այս դեպքում, սակայն, ամեն բան տարօրինակ կերպով մոռացության է մատնվել։ Դա հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե գողությունը կատարած կամ կասկածվող անձինք լուրջ հովանավորներ ունենային։

Նախկին իշխանության տարիներին բարձր պաշտոն զբաղեցրած մի անձ, որը չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում ասաց․
«Չեմ բացառում, որ գողություն կատարած անձանց հետապնդումից պաշտպանած լինի Սերժ Սարգսյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող, իսկ հետո նրա փեսան դարձած Միքայել Մինասյանը։ Ավելին՝ լսել եմ խոսակցություններ, որ գողացված գրքերը կարող էին հայտնվել Վատիկանի գրադարանում։ Այս պահին երկաթյա փաստեր չունեմ, բայց վստահ եմ, որ եթե քրեական գործը վերաբացվի և նորից հարցաքննվեն Արարատ Միրզոյանը, Վլադիմիր Վարդանյանը և հատկապես Միքայել Մինասյանը, շատ բան կարող է պարզ դառնալ։ Պետությունը կարող է նաև պաշտոնական ճանապարհով Վատիկանից ճշտել՝ արդյոք հիշատակված գրքերը իրենց մոտ են»։

Զրուցակիցը հավելեց․ «Եթե նման գործողություններ չեն արվում և պետությունը ոչինչ չի ձեռնարկում, կարելի է անել ամենահամարձակ եզրակացությունները»։