Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է սեպտեմբերի 23-ի գիշերը Մերձավան բնակավայրում տեղի ունեցած ողբերգական դեպքը, ինչի հետևանքով սպանվել են Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը և Ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը:
Նման ծանր հանցանքները խարխլում են հասարակական անվտանգությունը և վտանգում իրավունքի գերակայության երաշխիքները։ Անհրաժեշտ է ապահովել դեպքի շուտափույթ, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ մեղավոր անձանց անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու համար։
Պետությունը պետք է ունենա պատշաճ կառուցակարգեր նման դեպքերը կանխարգելելու համար և անընդհատ կատարելագործի դրանք:
Մարդու իրավունքների պաշտպանն իր զորակցությունն է հայտնում մահացածների ընտանիքներին ու հարազատներին։
Սեպտեմբերի 23-ին ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ մյուս սպանվածը Քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանն է, որն այդ պահին ծառայության մեջ չի եղել։ Նարեկ Սարգսյանը նշել է, որ Կարեն Աբրահամյանը ընկերական հարաբերություններ է ունեցել Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հետ և զինված հարձակման պահին նրա հետ է եղել։



