ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը հոկտեմբերի 27-ից 31-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի գլխավոր ասամբլեային, ինչպես նաև Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի՝ «Զինված հակամարտություններում գործող՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերն ու գործառույթները» խորագրով համաժողովին։
ՄԻՊ-ից հայտնում են, որ գլխավոր ասամբլեայի շրջանակում քննարկվել են Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի 2024 թվականի գործունեության զեկույցը, կառավարող խորհրդի անդամների ընտրության հարցը, ինչպես նաև 2025 թվականի գործողությունների ծրագիրը։
Միջազգային համաժողովին անդրադարձ է կատարվել պատերազմական և հետպատերազմական պայմաններում գործող մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության առանձնահատկություններին, մարտահրավերներին ու փորձառությանը։
Նինա Փիրումյանը Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի անդամ գործընկերներին է ներկայացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության փորձը՝ անդրադարձ կատարելով բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ու մշտադիտարկման աշխատանքներին, այն մարտահրավերներին, որոնց առնչվել է հաստատությունը պատերազմական և հետպատերազմական պայմաններում գործունեություն ծավալելիս։ Մասնավորապես, առանձին անդրադարձ է կատարվել փաստահավաք աշխատանքների կարևորությանը, բռնի տեղահանված բնակչության հետ աշխատանքի առանձնահատկություններին, հավաստի տեղեկատվության հավաքագրմանն ուղղված՝ աշխատակազմի ջանքերին ու կարողությունների զարգացմանն ուղղված քայլերի ձեռնարկմանը։
Համաժողովի ընթացքում կարևորվել է նաև հաստատությունների աշխատակազմերի հոգեբանական պատրատվածությանն ուղղված վերապատրաստումների կարևորությունը, ինչպես նաև փաստահավաք աշխատանքների վերաբերյալ ձեռնարկների ու ուղեցույցների կիրառությունը։
Նինա Փիրումյանն իր խոսքում ընդգծել է մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության ու անաչառության պահպանման կարևորությունը հատկապես զինված հակամարտությունների պայմաններում մարդու իրավունքների խախտումներն արձանագրելիս։
Համաժողովի ավարտին՝ հաշվի առնելով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առաջադեմ փորձը, եվրոպական դաշինքի մի շարք գործընկերների հետ ձեռք է բերվել հետագա փորձի փոխանակման և համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություն։