ԿԺԴՀ-ն չի կասկածում ուկրաինական հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակի հարցում և ամուր կկանգնի ռուս ընկերների կողքին. այս մասին ասել է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարար Չոյ Սոնգ Հին: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Մենք ոչ մի կերպ չենք կասկածում, որ Ռուսաստանի Դաշնության հարգարժան նախագահ Վլադիմիր Պուտինի իմաստուն ղեկավարությամբ ռուսական բանակն ու ժողովուրդը, անշուշտ, մեծ հաղթանակի կհասնեն ինքնիշխան իրավունքները և պետության անվտանգությունը պաշտպանելու իրենց սուրբ պայքարում։ Եվս մեկ անգամ հավաստիացնում ենք, որ մինչև հաղթանակի օրը մենք միշտ ամուր կկանգնենք մեր ռուս ընկերների կողքին»,- ասել է Չոյ Սոնգ Հին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
Լավրովը ռազմավարական խորհրդակցություններ է անցկացրել Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Չոյ Սոն Հիի հետ:
Լավրովի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները «աննախադեպ մակարդակի են հասել»: Նա նաև շնորհակալություն է հայտնել Փհենյանին Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերաբերյալ դիրքորոշման համար։
«Վերջին մի քանի տարիների ընթացքում մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի՝ նախագահ Պուտինի և Պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի հատուկ ուշադրության շնորհիվ», - ասել է ռուս նախարարը։
Լավրովն ասել է, որ երկու երկրների զինվորականները սերտ համագործակցում են։ Նա ակնկալում է, որ բանակցություններում կձևավորվի ընդհանուր ըմբռնում Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև կնքված ռազմավարական համաձայնագրի իրականացման վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ այս համաձայնագիրը նախատեսված է Եվրասիական մայրցամաքում կայունացնող դեր խաղալու համար։
«Շատ սերտ կապեր են հաստատվել երկու երկրների զինվորականների միջև և անվտանգության ծառայությունների գծով։ Սա նաև թույլ է տալիս մեզ լուծել այնպիսի խնդիրներ, որոնք գործնականում կարևոր են մեր և ձեր քաղաքացիների անվտանգության համար»,- նշել է Լավրովը։
Պուտինը և Կիմ Չեն Ընը հունիսի 19-ին ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի նախագիծը։ Պետդուման փաստաթուղթը վավերացրել է հոկտեմբերի 24-ին։ Այն ենթադրում է, որ երկրները պարտավորվում են անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերել երկրներից մեկի վրա զինված հարձակման դեպքում։
Այժմ Արևմուտքը և Ուկրաինան պնդում են, որ Հյուսիսային Կորեան հազարավոր զինծառայողներ է ուղարկել ՌԴ: