Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կվճարվի...

Այս տարի  մեկնարկել և շարունակվում է 3-րդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության ծրագիրը (մինչև երեխայի 6 տարեկան լրանալը)։   Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրերի մասով հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այցելած Նիկոլ Փաշինյանին։

Նախարարությունից տեղեկացնում են, որ շարունակվել են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերը։ 2023թ. հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերին. աշխատանքի վերադառնալիս ևս վճարում կկատարվի նպաստի 85 տոկոսի չափով՝ ներկայիս դադարելու փոխարեն։ Մշակվում է Ժողովրդագրության ռազմավարությունը, որը կներկայացվի 2023թ. փետրվարին։

Նախարարությունից նշում են, որ կենսաթոշակային ապահովության ոլորտում աճում է անկանխիկ շրջանառության ծավալը․ կենսաթոշակների շուրջ 77 տոկոսը վճարվում է անկանխիկ եղանակով։ 2023 թ.-ից՝ 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում, իսկ 2024 թ.-ից՝ բոլորը (բացառությամբ 75 տարեկանից բարձր և հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցողների), կենսաթոշակը կստանան անկանխիկ եղանակով: 2022թ. միջին կենսաթոշակը 43.500 ՀՀ դրամից դարձել է 46.200, նվազագույնը՝ 26.500 ՀՀ դրամից 31.600։ Մեկնարկել է կենսաթոշակի և նպաստի 10 տոկոս հետվճարի միջոցառումը. կենսաթոշակային քարտեր սպասարկող 4 բանկ միացել է  նախաձեռնությանը, որոնց ծածկույթը անկանխիկ վճարումներում կազմում է ավելի քան 60 տոկոս։ Նոյեմբեր ամսվա տվյալներով՝ շուրջ 60.000 շահառու իր կենսաթոշակից (նպաստից) ծախսերի 66 տոկոսը կատարում է անկանխիկ։

Ըստ պետական մարմնի, աշխատանքի և զբաղվածության ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ 2023թ. հունվարի 1-ից կբարձրանա նվազագույն ամսական աշխատավարձը՝ 68.000 ՀՀ դրամի փոխարեն այն կկազմի 75.000 ՀՀ դրամ։ Ընթացքի մեջ  են Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները. նախատեսվում է 266 հոդվածից փոփոխել 125-ը։ Հաջորդ տարում նախատեսվում է շրջանառել զբաղվածության ռազմավարությունը։ 2022թ. սեզոնային զբաղվածության ապահովման ծրագրից օգտվել է 1179 քաղաքացի, արցախցիների համար աշխատանքային փորձի ձեռքբերման և վարձատրվող հասարակական աշխատանքների միջոցառումից՝ 326 անձ, 2016թ.  և 2020թ. ռազմական գործողությունների մասնակիցների զբաղվածության ապահովման ծրագրից՝ 276 անձ։

Կենսաթոշակային ապահովության ոլորտի մասով՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել անկանխիկ շրջանառության ծավալի ավելացման և կենսաթոշակառուի զբաղվածության ապահովման ուղղությամբ ծրագրերը:

Փաշինյանն անդրադարձել է աղքատության հաղթահարման պետական ծրագրերին և հանձնարարել դրանցում պարտադիր նախատեսել կրթական բաղադրիչ, քանի որ աղքատության մշակույթի հաղթահարման բանաձևը նախևառաջ կրթությունն է: