«Ժամանակ» թերթն այսօր գրել է. «Օգոստոսի 15-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կաշառք ստանալու դիմաց մի շարք զորակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել երկու անձի:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մեղադրյալներից մեկը ԵՊԲՀ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանն է: Վերջինիս որդին Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանն է:
Politik.am-ը հրապարակման վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Գագիկ Միրիջանյանից: Վերջինս նշեց՝ նույն թերթն ամիսներ առաջ գրել էր, թե ինքը Էջմիածնում հիվանդանոց է գնել, ինչը ևս իրականությանը չի համապատասխանում: Միրիջանյանի խոսքով՝ ծիծաղելի իրավիճակ է.
«Վերջերս այդ նույն մեղադրանքով նույն օրաթերթը զրպարտել էր նաև ինձ: Արդեն դատարանում օրաթերթը խնդրել էր հաշտություն և խոստացել հրապարակել հերքման նյութ (ասեմ՝ մինչ հիմա չի հրապարակվել)։ Ավելի մանրամասն չեմ խորանա՝ չցանկանալով իմ ընտանիքի բարի ազգանունը դարձնել օրաթերթի վարկանիշը բարձրացնելու գործիք»,-ասաց Միրիջանյանը, այնուհետև դիմեց նրան, ով, իր խոսքով, պատվիրել է այդ հոդվածը.
«Ասեմ՝ մենք տեղյակ ենք քո ով լինելու մասին: Մինչ դու մեր դեմ հոդված էիր պատվիրում, պրոֆեսոր Միրիջանյանը մարդկային կյանքեր էր փրկում և կրթում էր քեզ նման ապիկարին... Ա՛յ անիմաստ երևույթ, ա՛յ թյուրիմածություն... Պարա՞պ ես մնացել, PR-ի տեղեր շատ ունես, գնա զբաղվիր:
Մամուլով մեսիջներ ուղարկելու փոխարեն կարող էիր անհանգստությունդ փարատել՝ ինձ զանգելով»:



