
Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը վերջին ամիսներին ամեն բան անում է, որպեսզի Մոսկվայում աջակցեն այն նախագծին ու թիմին, որն ինքը ներկայացնում է, սակայն բոլոր հարթություններում տապալվել է։
Հետաքրքիր պատկեր է բացվում Մինասյանի ներկայացրած թիմի առումով։ Ըստ նրա՝ թիմի առաջին դեմքերն էին լինելու Արման Թաթոյանը, Դավիթ Անանյանը, Լևոն Զուրաբյանը, Ռուբեն Մխիթարյանը և Հայկ Մարությանը։ Մինասյանը Մոսկվայում պնդել է, որ նշված բոլոր գործիչների հետ արդեն համաձայնության է եկել, և եթե ռուսական կողմը հավանություն տար, ապա այս մարդկանցով կստեղծվեր նոր կուսակցություն, որի ղեկավար կդառնար Արման Թաթոյանը։
Նկատենք, որ ամիսներ առաջ մամուլում լուրեր շրջանառվեցին, թե Թաթոյանը, Անանյանը և Մարությանը համատեղ նոր ուժ են ձևավորելու։ Դավիթ Անանյանը «Մեդիահաբ» լրատվականի հետ զրույցում հաստատել էր լուրը՝ հավելելով, որ դեռ քննարկումներ են ընթանում։ Սա, ըստ էության, հենց Մինասյանի մոսկովյան ջանքերի հայաստանյան արտացոլումն էր։
Մոսկվայում, ինչպես արդեն նշեցինք, մերժել են Մինասյանին, սակայն չեն առարկել հանդիպել Արման Թաթոյանի հետ, քանի որ նա, ըստ ռուսական որոշ հարցումների, որոշակի ռեյտինգ ունի։ Ֆորմալ առումով Թաթոյանը Մոսկվա է հրավիրվել համալսարաններից մեկում դասախոսություն կարդալու, ինչից հետո էլ կայացել է հանդիպումը համապատասխան պաշտոնյաների հետ։
Հանդիպումից հետո ռուս պաշտոնյաները ապշած են եղել Թաթոյանի ապաքաղաքական լինելուց և գործընթացները չպատկերացնելու մակարդակից։
Այս հանդիպումը հատկապես թուլացրել է Մինասյանի դիրքերը, և նրան հորդորել են այլևս չանհանգստացնել իրենց Հայաստանի քաղաքական կյանքին խառնվելու առաջարկներով։
Մենք փորձեցինք այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Միքայել Մինասյանից և պարզել՝ արդյոք իրականում ունի՞ նշված բոլոր մարդկանց համաձայնությունը, սակայն մեր փորձերն անհաջողությամբ պսակվեցին։